Վտանգավոր է. ներդրումները պակասում ու պակասում են
«Ակնհայտ է, որ Հայաստանում օրեցօր շեշտակիորեն պակասում են ներդրումները, և դրա բնական պատճառները բոլորիս հայտնի են` Հայաստանի տնտեսական կլիման` բառիս բուն իմաստով: Ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությանը չի նպաստելու Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Հայաստանում ներդրումների նվազմանը:
Ըստ նրա` պատճառը պարզ է` ռուսական տնտեսությունը քայքայման եզրին է կանգնած, ի վիճակի չէ որպես դոնոր հանդես գալու, իսկ օտարերկրյա այսօրվա կարևորագույն տնտեսական խաղացողները ԵՏՄ-ի այսօրվա տնտեսական շուկայից, որտեղ կա միայն խիստ կանխատեսելի անորոշություն, քայքայում չեն գրավվում:
«Իհարկե, այստեղ կան նաև այլ կոմպոնենտներ` կոռուպցիա, «Հարկային օրենսգրքի» անհստակություն, իսկ բուն այն խնդիրը, որ Մեծ Բրիտանիայի կողմից արվող ներդրումները վերջին շրջանում ավելացել են, գիտենք` կապված է հայտնի հանքի հետ, և դա զուտ տնտեսական ցուցանիշ ես չէի վերցնի»:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հունվար-հունիս ամիսների օտարերկրյա ներդրումների ծավալը 2015 թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել է 98.7861 մլն դրամով, իսկ ուղղակի ներդրումները պակասել են 14.1239 մլն դրամով։
Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալներն, ըստ երկրների, ներկայացված ցանկի գրեթե բոլոր երկրներից պակասել են, բացառությամբ՝ Միացյալ Թագավորությունից ստացված ներդրումների, որտեղից ընդամենը ներդրումները կազմել են 14 338.4 մլն:
Ներդրումների ծավալով առաջատար է նաև Կանադան` 5 240.7 մլն, սակայն սա էլ է պակաս նախորդ տարվա համեմատ, ապա Գերմանիան է, որտեղից ընդամենը ներդրումները կազմել են 1 997.4 մլն։ Գերմանիայից հետո ընդամենը ներդրումների ծավալով հաջորդը Վիրջինյան կղզիներն են՝ 1 281.1 մլն, որը պակասել է 7 142.7 մլն-ով:
ՀՀ-ում ներդրումների մասով ամենամեծ նվազումը Ռուսաստանից է գրանցվել։
Մեր զրուցակիցը նաև մատնանշեց 2015, 2016 թվականների տնտեսական ցուցանիշները, հիշեցրեց, որ միայն հունվար-մայիս ամիսներին ընկած հատվածում ապրանքաշրջանառության 25․6%-ի նվազում է տեղի ունեցել, 31.6%-ի արտահանման նվազում է եղել, 13․2% նվազել է ներմուծումը: «Մենք ունենք փաստացի թվերի շեշտակի նվազում»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ամենավտանգավոր խնդիրն այն է, որ Հայաստանն ինքնուրույն երրորդ երկրների հետ չի կարող դրույքաչափերի որոշում կայացնել: