Տվե’ք Դաշնակցությանը հնարավորություն փոխելու Երևանը, որ Երևանն էլ փոխի Հայաստանը

Ներկայացնում ենք ՀՅԴ-ական պատգամավոր, ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին:
՛՛Իշխանություններն ամեն ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր:
Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, որ այս ընտրությունների հետ չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը և տպավորություն ստեղծվի, թե այս ընտրությունները շատ-շատ կարող են լուծել ձեր աղբահանության, ասֆալտապատման կամ վերելակների ու շենքների հարցերը:
Արդյունքում` զրոյացվի հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ, և ժողովուրդը մղվի պասիվության: Որպեսզի չվտանգվի իրենց իշխանությունը, և պահպանվի իշխող կուսակցության միահեծան կառավարումը:
Որ այդպիսին չէ իրականությունը, ակամայից փաստում են հենց իրենք՝ իշխանությունները, գործի դնելով ընտրակեղծիքների ողջ զինանոցը: Կրկին ականատեսն ենք այն բանի, որ պետական համակարգը ընտրությունների ընթացքում սահուն կերպով վերածվում է իշխանություններին սպասարկող ընտրական համակարգի, երբ պետական ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները ստիպողաբար պարտավորվում են աշխատել կրկին իշխող կուսակցության օգտին: Եվ այս խնդիրը դրված է ոչ միայն Երևանի, այլև մարզերի առջև:
Բազմաթիվ են ահազանգերը ոչ միայն ընտրակաշառքների լայն կիրառման և բազմակի քվեարկությունների նախապատրաստման մասին, այլև ոչ երևանցիներին Երևանում հաշվառելու վերաբերյալ:
Բա եթե ձեր ասելով միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչու՞ եք այսպես իրար խառնվել ու կրկին կառչում եք ձեր փրկօղակից՝ ձեր հարազատ ընտրակեղծիքների մեքենայից:
Ուրեմն իրականությունը բոլորվին այլ է և կայանում է հետևյալում:
Հօգուտ Դաշնակցությանը տված իր քվեով, երևանցին կարող է չսպասել ևս 5 տարի, այլ փոխելով քաղաքապետին, անել այն, ինչը չհաջողվեց անել՝ չկարողանալով փոխել նախագահին:
Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը: Որովհետև հաստատելով երևանցու իշխանությունը Երևանում, կհաստատվի ի վերջո հայաստանցու իշխանությունը Հայաստանում:
Որովհետև՝
– վերջ կդրվի երկրում հաստատված մենիշխանությանը,
– կյանքի կկոչվի արմատական համակարգային փոփոխություններին բերող մեր առաջարկած գործողությունների հստակ ծրագիրը,
– ակնհայտ կդառնան իշխանություն-ընդդիմություն հավասարակշռված քաղաքական համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը:
Երևանցին անձամբ և անմիջապես կզգա ընդդիմության բերած փոփոխությունների դրական հետևանքները:
Սիրելի’ երևանցիներ,
Մի’ թույլ տվեք ձեզ մոլորության մեջ գցեն և արժեզրկելով ձեր ընտրության նշանակությունը՝ մղեն ձեզ պասիվության: Ովքեր ուզում են փոփոխությունները հիմա տեսնել և չսպասել ևս 5 տարի, մայիսի 5-ը դրա ամենալավ առիթն է:
Եկե’ք այս ընտրություններին մեր ակտիվ մասնակցությամբ ևս մեկ անգամ ասենք ո°չ այս իշխանություններին և մայիսի 5-ի քվեարկությունը վերածենք իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի:
Սա լիովին իրագործելի է: Մի° կորցրեք այս պահը: Տվե’ք Դաշնակցությանը հնարավորություն փոխելու Երևանը, որ Երևանն էլ փոխի Հայաստանը: