ՀՅԴ-ն առաջարկում է “Նաիրիտի” փրկության հանձնաժողով ստեղծել
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ անդրադարձավ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի խնդրին:
Նրա խոսքով, ՛՛Նաիրիտի՛՛ նման հսկայական աշխատատեղեր ունեցող ձեռնարկությունը սնանկացել է և մի քանի խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:
Նախ Մինասյանին անհանգստացրել է այն, որ պայմանագրով նախատեսված ներդրումը չի արվել և դա բերել է սնանկության, որ պատճառ է նաև ՛՛Նաիրիտի՛՛ բաժնետերերի փոփոխությունն ու նրանց գործարքները, ինչպես նաև անհասկանալի ուղղություններով գումարների ծախսումը: Պատգամավորի խոսքով՝ պարբերաբար մեծ աժիոտաժ է առաջանում աշխատավարձերի հետ կապված:
՛՛Մենք առաջարկում ենք ստեղծել Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով պատասխանատվության կանչելու համար և մեղավորներին գտնելու համակարգային լուծումների համար՛՛,-ասաց պատգամավորը՝ առաջարկելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ընդգրկել այդ հանձնաժողովում:
Նշենք, որ երեկ այս գործարանի աշխատողները բողոքի ցույց էին անում: