Առանց Տարոնի

Այսօր, Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից կազմակերպված բանավեճին մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 5 ուժերի /”Բարեւ Երեւան”, ՀԱԿԿ, ԲՀԿ, ՀՅԴ, “Առաքելություն”-խմբ./ առաջին համարները:
Հանդիպման մոդերատոր լրագրող Արամ Աբրահամյանը ցավ հայտնեց, որ գործող քաղաքապետը պետք է ներկա լիներ այս բանավեճին, բայց հրաժարվել է մասնակցել: նա նշեց որ հրավիրվել են բոլորը, սակայն ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունները հրաժարվել են հրապարակային բանավեճից:
Նախկին արտգործնախարար, ԲՀԿ թեկնածու՝ Վարդան Օսկանյանը անդրադարձավ գործող քաղաքապետի բացակայության հանգամանքին: Նրա կարծիքով` պատասխանատվությունից խուսափելով` Տարոն Մարգարյանը ի ցույց է դնում այն հանգամանքը, որ գոյություն ունեցող մենաշնորհը օգտագործվում է` “Ինչ կուզեմ կանեմ, ուր կուզեմ կգնամ” սկզբունքով:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Երևանի ավագանի ենք ընտրում, ոչ թե միայն քաղաքապետ և Տարոն Մարգարյանը խուսափել է գալ, քանի որ հաշվետվություն պիտի տար նախորդ 4 տարիների համար, երբ Երևանը դարձրեց “Սուպերմարկետների քաղաք”:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՀԿ թեկնածուի չգալը մեսիջ է, որը նշանակում է որ նրանք ոչ միայն ուզում են վերընտրվեն, այլ ուզում են վերարտադրվեն, քանի որ անգամ ընտրողին չեն ուզում համոզել:
Իսկ բանավեճը պետք է ընթանար սոցիոլոգիական հարցումների հիման վրա ծագած հարցերի շրջանակում: Քննարկման առաջին հարցը այսպիսին է. “Արդյոք գործազրկությունը և սոցիալ տնտեսական իրավիճակը հնարավոր է լուծում ստանան Երևանի քաղաքապետ կողմից”:
“Առաքելության” առաջատար Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ Երևանը որպես քաղաք հնարավորություն չունի միանգամից լուծում տալ այդ խնդիրներին: Սակայն դա հնարավոր է անել ժամանակի ընթացքում` ձևավորելով մի մեխանիզմ, որը կկասեցնի արտագաղթը և կստեղծվեն նոր աշխատատեղեր:
ՀԱԿԿ ցուցակի առաջատար Վահագն Խաչատրյանն էլ ընդգծեց, որ Երեւանում գործազրկությունը մեծ թիվ է կազմում:
Ինչպես նախապես նշել էր Արամ Աբրահամյանը, բանավեճը գործող քաղաքապետի բացակայության պայմաններում չի ստացվում: Փաստորեն, տեղի է ունենում միայն տեսակետների համադրում, քանի որ բոլոր թեկնածուները ընդիմադիր դաշտից են: