Վարդան Օսկանյանը ծաղիկ չի տնկելու

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքը վերլուծեց ավագանու ԲՀԿ ցուցակի առաջատար Վարդան Օսկանյանը:
Օսկանյանը նշեց, որ եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը դիտարկենք կենցաղային խնդիրները լուծելու համար, ապա ինքը էնտեղ անելիք չի ունենա. “Մենք համարում ենք , որ սա և քաղաքական նշանակության ընտրություններ են, և տնտեսական, և նաև քաղաքային, եթե կարողանում ես քաղաքին մոտենաս որպես ողջ հայության մայրաքաղաք, որպես տնտեսության լուրջ շարժիչ ուժերից մեկը: Ինձ համար դա կարևոր պաշտոն է:
Աղբահանությունը, ջրի խնդիրները համապատասխան վարչությունների կողմից իրենց լուծումները կստանան: Իսկ այ Երևանցուն իսկապես հուզող խնդիրներին պետք է իսկապես լուրջ մոտեցում ցուցաբերել”:
Ինչու Բ”Բարգավաճ Հայաստանը” նախագահական ընտրություններին չմասնակցեց և ինչ կտա իրեն “այլընտրանք” հռչակած այս կուսակցությանը Երևանի ավագանու ընտրությունները: Վարդան Օսկանյանը պատասխանեց, թե ”նախագահական ընտրությունները այլ թեմա է, այլ խնդիր է և ԲՀԿ ի կայացրած որոշումը այդ օրերին շատ տրամաբանական շատ ադեկվատ էր”:
Նախկին արտգործնախարարին զարմացնում է այն , որ մեր երկրում կուսակցական մենաշնորհ կա. “Մի կուսակցությունը դատական, տնտեսական բոլոր համակարգերում նետել է իր արմատները: Բոլորիս էլ պարզ է,որ դա ՀՀԿ-ն է”:
Վարդան Օսկանյանը տեղեկացնում է, որ այդ մենաշնորհի պայմաններում ժողովուրդը լճանում է: Օսկանյանը հղում կատարեց հարցումներին, որոնց համաձայն` բնակչության 40 տոկոսը պատրաստ է ճամպրուկը կապել ու գնալ: Այդպես չի կարող շարունակվել, “ելքը մոտ է և հարկավոր է գործել”:
“Նոր ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի մրցակցային պայմաններում որոշակի լուրջ բարեփոխումներ գրանցել”:
Վարդան Օսկանյանը արձանագրեց, որ ինչ որոշվում է ՀՀԿ գրասենյակում, դա էլ տարածվում է քաղաքապետի իրավասությունների վրա: Նրա կարծիքով քաղաքապետը ինքնուրույն չէ, իսկ նման բան բացի Հայաստանից չկա աշխարհի որևէ երկրում.
”Անիմաստ ծախսեր են արվում, ծաղիկ է ցանվում, ասֆալտապատում են անում, փոխանակ բյուջեն խնայեն և աշխատատեղեր ստեղծեն”:
Ներկայիս Երևանի ավագանու կազմում ԲՀԿ-ն ունի 17 ներկայացուցիչ: Ինչ առաջարկներ են արել նրանք վերջին 4 տարիների ընթացքում: Հարցը Վարդան Օսկանյանն անիմաստ համարեց.
”Այն, ինչ եղել է մինչ այժմ, դա այլ է: Ավագանին որ այսօր կա, ընտրվել է չորս տարի առաջ, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մի մաս է եղել: Ցանկացած օրենքի քննարկման արդյունքի համար, ի վերջո, պատասխանատուն մեծամասնական ձայն ունեցող քաղաքական ուժն է”:
Ապագայում բազմաթիվ հարցերը փորձելու են կարգավորել. “Ես կուզենայի Հայաստանում լիներ նորմալ քաղաքական մթնոլորտ: Մենք պետք է ճիշտ սահմանենք ընդդիմության և իշխանության դերը: Կարողանանք դուրս գալ սովետական ժամանակների սահմանումներից”:
Քաղաքապետ դառնալու դեպքում Վարդան Օսկանյանը պատրաստ է շաբաթը երկու անգամ աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով: