Չնչին, տհաս, մանկամիտ. Լյուդմիլա Սարգսյանն արհամարհում է
՛՛Նրանք այնքան չնչին ու անտեսանելի մարդիկ էին, որոնք հիմա իրենց իրավունք են վերապահում ասել, թե ով է ՍԴՀԿ-ը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն՝ արձագանքելով օրենքով գրանցված ՍԴՀԿ-ի անդամ Վարազդատ Եղիազարյանի հայտարարությանը, որ Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը իրավունք չունեն իրենց ՍԴՀԿ անդամներ անվանել և անվանելու դեպքում նրանք կհամարվեն ինքնակոչներ:
՛՛Շատ բան կարող են ասել: Բոլորը գիտեն, թե ովքեր են իրականում ՍԴՀԿ-ը, ովքեր են դաշտում որպես ՍԴՀԿ ներկայանում: Նույնիսկ ես չեմ ճանաչում Վարազդատին, չգիտեմ մեկը կգտնվի, որ ճանաչի նրան:
Ամեն մի մանկամտի արած հայտարարության ես ինձ համար պատվաբեր չեմ համարում պատասխանել: Սրանք այն մարդիկ չեն, այն կշիռը չունեն, որ ես արձագանքեմ: Այդ պատճառով արհամարհում եմ ամեն մի նման արտահայտություն: ՍԴՀԿ-ը կա և կմնա որպես Լյուդմիլա Սարգսյան, Գուրգեն Եղիազարյան և այն թիմը, որ մենք ներկայացնում ենք՛՛,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ անկախ նրանից, թե դատարանում ինչպես է գրանցված ՍԴՀԿ-ը, ով է ատենապետ համարվում, իրենք են համարվում ՍԴՀԿ-ը: ՛՛Անկախ նրանից ում օգնությամբ և ինչ կեղծիքներով են նրանք կարողացել հաջողացնել այդ գրանցումը, այնքան տեսանելի է ու այնքան ցցուն, որ ես չեմ պատկերացնում, որ դատարանը ինչ կարող է անել այն կեղծիքների հետ, որ կարողանա վճիռ կայացնել ի օգուտ տհասների ու անչափահասների՛՛,-եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:
Նշենք, որ տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ վերջին երկու տարիներին իրենց ՍԴՀԿ անդամներ ներկայացնող Լյուդմիլա Սարգսյանը և Գուրգեն Եղիազարյանը (վտարվել են 2009 թ-ին) բազմիցս լրատվամիջոցներով անդրադարձել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությանը՝ իրենց անվայելուչ խոսքեր թույլ տալով ՍԴՀԿ ղեկավարության հասցեին:
՛՛Կոչ ենք անում իրավապահներին ավելի ուշադիր ուսումնասիրել այս մարդկանց անցյալն ու ներկա գործունեությունը, ինչպես նաև հասարակության շրջանում վտանգավորության աստիճանը:
Կրկին հիշեցնում ենք, որ ՍԴՀԿ-ն անկախ քաղաքական կազմակերպությունը է՝ գրանցված Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում՝ ատենապետությամբ Գևորգ Պերկուպերկյանի:
Ցանկացած այլ մարդ, ով հանդես է գալիս ՍԴՀԿ-ի անունից՝ առանց ունենալու վարչության համաձայնությունը, ուղիղ այնպիսի ինքնակոչ է, ինչպիսին Լ. Սարգսյան ու Գ. Եղիազարյան երկյակն է՛՛,-ասված է հայտարարության մեջ: