Տղերք դաշտը Ձերն է, արեք ինչ ուզում եք. դարձյալ Րաֆֆու հակասական

Րաֆֆի Հովհաննիսյանը “Նոր Հայաստան” շարժման մեկնարկից հետո պատրաստ է խոսել իր առաջիկա ծրագրերի, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կիսվեց իր “անքուն գիշերների խոհերով” և առաջիկա ծրագրերով:
“Արդեն թևակոխել ենք Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունների վերջին շաբաթը: Դրա հետ կապված մեր վերջին հանգրվանը արդեն Երևանն է: Այսօրվանից կփորձեմ լինել բոլոր համայնքներում: Համարում եմ, որ պայքարը պետք է լինի բոլոր հարթությունների վրա առանց հիսթափվելու:
Ես վստահ եմ, որ “Բարև Երևանը” մեծ հաջողություն է գրանցելու մայիսի հինգին: Եթե Երևանի քաղաքապետը իսկապես որ անձ ընտրվի, ես խնդիր չեմ ունենա իմ ձայնը տալու Վահագն Խաչատրյանին կամ Արմեն Ռուստամյանին: Բայց “Բարև Երևանը” միջկուսակցական է, և ես առանց վերապահումների “Բարև Երևանի” հաղթանակին հավատում եմ”,-նշեց “Ժառանգության” առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այսօր ինքը պատրաստ է կիսվելու հանրության հետ: Նա տեղեկացրեց, որ իր մարզային հանդիպումները եղել են և բազմամարդ, և նաև` մի քիչ վախվորած:
“Որևէ մեկը հիմա հետադարձով իմ միտքը իրեն չվերագրի: Ոնց որ Նիկոլն էր ասում` կամ Նոր Հայաստանն է, կամ ոչինչ”: “Ժառանգության” առաջնորդը զարմանում է, որ գործիչները ոչինչ չարած , իրենց անկյուններում նստած` գնահատական են տալիս իր գործնեությանը:
“Չգիտեմ բարեկամը կամ չարակամը` գնահատում են իմ և Արմեն Մարտիրոսյանի ձեռքսեղմումը: Ես լավ հիշում եմ և փետրվարի 18-ից առաջ, և հետո` ով ինչ էր ասում: Թող ասեն ինչ ուզում են, Ձերն է դաշտը` արեք ինչ ուզում եք, տղերք:”
Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն կարծում է, որ “այս ընտրությունը գողացած իշխանությունը հինգ տարին չի հանի, եթե ճշմարտության չգա և քայլեր չանի ժողովրդի հանդեպ”:
Այսօր արդեն շարժման հանգուցալուծումը նա չի տեսնում. “Ժողովրդի միացման պահանջը, որ տարածվում է քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, ինչ կլինի ես չգիտեմ”:
Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմամբ` ապրիլի իննին որոշ սադրիչ ուժերի նախաձեռմամբ նման իրավիճակ ձևավորվեց. “Ով սուլիչներով եկել էր հրապարակ և արյուն էր ուզում, “Հյուսիսային պողոտայով” նահանջեցին”:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր սխալը համարում է այն, որ ապրիլի իննին հրապարակում հավաքվել էին իր մեկ միլիոն ընտրողներից միայն 50 հազարը, որովհետև մարդիկ կամ համակարգչով են հետևել, կամ հարմար ժամանակ չեն գտել իր կողքին կանգնելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապրիլի իննին ինքը ավարտեց իր դերակատարումը և մտավ հավաքական պատասխանատվության փուլ, որը կարող է դրսևորվել մայիսի 5-ին: