18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հաշվել են ԲՀԿ-ի առաջին երեքի միլիոնները

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների գույքին և եկամուտներին “Փաստինֆո”-ն ավելի վաղ անդրադարձել է՝ հիմք ընդունելով ԱԺ պատգամավորության թեկնածուների կարգավիճակում  մեկ տարի առաջ նրանց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԱԺ պատգամավորական պարտականությունները ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը:

Սակայն, հաշվի առնելով, որ որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու մեկ ամիս առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում նրանց գույքը և եկամուտները նախորդ տարվա համեմատ որոշ փոփոխություններ են կրել, որոշեցինք ներկայացնել թարմացված տվյալները:

Այսպես՝ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ, ԲՀԿ-ական, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, 58-ամյա Վարդան Օսկանյանը հայտարարագրել է մեկ առաձնատուն ԱՄՆ-ում՝ 200քմ մակերեսով, և հողակտոր Ծաղկաձորում՝ 9000  քմ մակերեսով:

Վ.Օսկանյանի ամսական եկամուտը ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավարձն է:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 150 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ 2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Վ.Օսկանյանը շարժական և թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ չի ունեցել:

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, 53-ամյա Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է ընդհանուր սեփականություն հանդիսացող 14 միավոր անշարժ գույք. 2 շենք Երևանում՝ 610,55 ք.մ և 913,8 ք.մ մակերեսներով, 1 շենք Գյումրիում՝ 141,46 քմ մակերեսով, 3 շինություն, որից երկուսը Երևանում՝  15,1 քմ և 233,58 քմ մակերեսներով, մեկը Վրաստանի մայրաքաղաքում՝ 189 քմ մակերեսով, 8 հողամաս, որից երեքը Երևանում՝ 0,0917 հա, 0,0906 հա, 0,0677 հա մակերեսներով, մեկը՝ Գյումրիում (0,021283 հա),  չորսը՝ Արմավիրի մարզի Արտամետ (157,64 հա), Տալվորիկ (84 հա) և Նոր Կեսարիա (4 հա և 7,07 հա) համայնքներում:

Գ.Արսենյանը որպես ընդհանուր համատեղ սեփականություն հայտարարագրել է 3 միավոր շարժական գույք՝ 2008թ.-ի արտադրության “Լեքսուս LS600HL”, “Ռենջ Ռովեր Super Chargeo” , “Տոյոտա Պրադո” ավտոմեքենաներ:

Ի դեպ՝ ԱԺ պատգամավորի թեկնածու մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Գ.Արսենյանը որպես շարժական գույք նշել էր նաև 2003թ.-ի արտադրության “Zenair CH 701 Stol” մակնիշի երկու ինքնաթիռ: Դրանք մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագրում չկան, ենթադրաբար, վաճառված չեն, քանի որ դրա դիմաց ստացված եկամուտ հայտարարագրված չէ:

Գ.Արսենյանը՝ ի տարբերություն մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, այս անգամ հայտարարագրել է նաև թանկարժեք գույք՝ 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ “Բրեգետ” ժամացույց և 38 հազար 500 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորում:

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 402 մլն 521 հազար 689 դրամ, 5 մլն 968 հազար 386 ԱՄՆ դոլար և 20 հազար 136 եվրո:

Գ.Արսենյանի տարեկան եկամուտները գոյացել են  ԱԺ-ից ստացած  2 մլն 269 հազար 740 դրամ աշխատավարձից,  “ԱՐՍՕՅԼ” և  “Յունիքորն գրուպ” ՓԲԸ-ներից՝ համապատասխանաբար 430 մլն 900 հազար դրամ և 12 մլն 418 հազար 370 դրամ շահաբաժիններից,  “ԱՐՍՕՅԼ”,
Յունիքորն գրուպ” և “Յունիքորն թրեյդ” ՓԲԸ-ներից՝  համապատասխանաբար 14 մլն 40 հազար դրամ, 2 մլն 160 հազար դրամ և 1 մլն 80 հազար դրամ վարձավճարներից, “Ամերիաբանկ” և “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ներից՝ 102 հազար 530 դրամ և 25 հազար 700 դրամ փոխառություններից, “Ամերիաբանկ” ՓԲԸ-ից՝ 30 մլն 37 հազար 346 դրամ տոկոսներից:

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնողն ունի նաև 100% բաժնետոմս “ԱՐՍՕՅԼ” և “Յունիքորն թրեյդ” ՓԲԸ-ներում, 50%` “Յունիքորն գրուպ”, “Յունիքորն փրինթ”, “Յունիքորն ֆլորա”, “Յունիքորն թեքնոլոջի”, “Յունիքորն քոնսթրաքշն”, “Աննալուս” ՓԲԸ-ներում, ինչպես նաև 85% բաժնետոմս “Գրանդ տոբակո” ՓԲԸ-ում (Տաջիկստան): Նա ունի նաև 20 % փայ “Բւզնես Սթայլ”
ՍՊԸ-ում:

ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ, անկուսակցական, 55-ամյա Աբրահամ Մանուկյանը հայտարարագրել է 11 միավոր անշարժ գույք, որից միայն մեկը որպես ընդհանուր համատեղ սեձականություն, իսկ 10-ը՝ միանձնյա սեփականություն: Դրանց թվում են 3 հողամաս Երևանում՝ 0,12 հա, 0,05827 հա և 0,15 հա մակերեսներով, 3 շենք-շինություններ Երևանում՝ 274,5 քմ, 42,7 քմ և 81, 32 քմ մակերեսներով: Մնացած 5 միավորը հողին ամրակցված զգալի մակերեսներով անշարժ գույք է, որից 4-ը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում:

Ա.Մանուկյանը 2007թ.-ի արտադրության «Մերսեդես Բենց S 550» ավտոմեքենայի միանձնյա սեփականատեր է:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցներն եղել են 225 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 90 հազար եվրո:

Ա.Մանուկյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 226 հազար 740 դրամ և “Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից՝ 413 հազար 760 դրամ աշխատավարձերից, “Քաղաքային ունիվերսալ բազա” ՍՊԸ-ից վարձակալությունից ստացած 14 մլն 781 հազար 300 դրամ եկամտից և 3 մլն 500 հազար դրամ “Բելվարմո թրեյդ” ՍՊԸ ներդրված գումարի վերադարձից:

Ա.Մանուկյանը թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդումներ չունի:
 

Հեղինակ “Փաստինֆո”

Գայանե Մելիքյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ