28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

5 պարզ միջոց՝ սթրեսը թեթեւացնելու համար

Շատերի համար հանգստյան օրերից հետո աշխատանքային շաբաթվա սկիզբը դաժան պատժի է հավասար, իսկ եթե աշխատանքը ծանր է ու լարված, ողջ շաբաթն անցնում է ճնշված ու նյարդային վիճակում և կարող է մարդուն գցել ընկճախտի /դեպրեսիա/ կամ էլ թախծի գիրկը:
/Ընկճախտը դառնում է ավելի վտանգավոր և հավանական, հենց այս անցումային եղանակներին, երբ օրերը գնալով ցրտում են, կարճանում, իսկ անձրևաբեր ամպերն էլ սարերի ետևում թաքնված սպասում են հարմար պահի, որ հանկարծակիի բերեն մեզ:/

*****

Ինչպե՞ս թեթևացնել սթրեսը – 5 պարզ միջոց

1. Նախաճաշ

Շատ կարևոր է մինչ աշխատանքի գնալը նախաճաշել, որի ժամանակ քաղցը հագեցնող ուտելիքի հետ մեկտեղ ափսեում պետք է լինեն վառ գույներ ունեցող մրգեր ու բանջարեղեն, որոնք հիմա դեռ հեշտ է գնելը: Նախօրոք հոգացեք այս մթերքների մասին:

2. Խորը շունչ

Անհրաժեշտ է խորը շնչել և դանդաղ արտաշնչել, որպեսզի ապահովեք ուղեղ գնացող թթվածինը: Սթրեսային վիճակում հաճախ արագ ենք շնչում և քիչ օդ ենք կլանում, երբեմն էլ նույնիսկ շունչներս պահում ենք, դրանով իսկ ավելի լարվում ու նյարդայնանում:

3. Շարժումներ

Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է գոնե 5 րոպեով թողնել ամեն ինչ և շարժվել, մի պահ դուրս գալ պատշգամբ, կամ աստիճաններով մի հարկ բարձրանալ, իջնել, դուրս գալ մաքուր օդի, մի խոսքով այն ինչը ձեր աշխատանքի վայրում հնարավոր է:

4. Կենտրոնացում

Ինչքան էլ շատ լինի աշխատանքը, պետք է ոչ թե ողջ օրվա աշխատանքի ծավալը մտքում հաշվել ու հաշվարկել և դրանից ուշաթափ լինել, այլ կենտրոնանալ միայն այն գործի վրա, որը հենց այդ պահին եք կատարում:

5. Գույն և կյանք

Այն ազդեցությունը, որը ձեզ վրա թողնում են ձեզ շրջապատող իրերը, շատ ավելի մեծ է քան դուք պատկերացնում եք:

Անհրաժեշտ է ավելի կենդանացնել տխուր աշխատավայրը, լավ կլինի կապույտ և դեղին գույներով իրեր դնել աչքին երևացող տեղում, լինեն դրանք գրչատուփ, ծաղիկներ թե հաճելի նկար այդ գույնի շրջանակով, միևնույն է / Գիտեմ, որ գրասենյակներում աշխատող տղամարդիկ մեղմ ասած ՛՛վերապահորեն՛՛ են վերաբերվում այն կանանց ու /հիմնականում/ աղջիկներին, որոնք իրենց աշխատասենյակը կամ սեղանը լցնում են տարբեր զիզի-բիզի իրերով: Արի ու տես, որ նրանք մասամբ ճիշտ են վարվում: Իհարկե պետք չէ մսուր – մանկապարտեզի կրտսեր խմբի վերածել սենյակը/:

Ուրախ եղեք, ապրեք առանց սթրեսի և ընկճախտի

Սիրով

Վ.Պ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ