Ցույցեր արեք. Փստանջյանի խորհուրդը ԱԺ նախագահին

Այսօր` ապրիլի 29-ին Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Նախքան օրակարգի հաստատումը ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակման համար ձայն խնդրեց.
՛՛Բարև Երևան: Պարոն Աբրահամյան, կցանկանայի ձեզանից պարզել Ցեղասպանության 98-ամյա տարելիցը տեղի ունեցավ , սակայն մինչ այս պահը այդ խայտառակ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, տեղաշարժ չկա: Ի՞նչ գործունեություն եք ծավալելու, որ այդ խայտառակ արձանագրությունները դուրս գան այս օրակարգից՛՛:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.
՛՛Տիկի՛ն Փոստանջյան, ևս մեկ անգամ ձեզ համար սիրով ասում եմ, դա Ազգային ժողովի նախագահի լիազորություններից դուրս է՛՛: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ եթե այդ արձանագրությունները իրավական ճանաչում ունենային, ապա Հայաստանի տնտեսությունը կշահեր և դրանք կապ չունեին Ցեղասպանության հետ, այլ նախատեսում էին ստեղծել դիվանագիտական հարաբերություններ ու սահմաններ բացել:
Փոստանջյանն ասաց, որ եթե Աբրահամյանը ԱԺ նախագահի լծակներով չի կարողանում այդ խնդիրը լուծել, ապա այն կարող է լուծել որպես քաղաքական գործիչ, որպես ՀՀ քաղաքացի: ՛՛Կարող եք կազմակերպել ցույցեր, բողոքի ակցիաներ՛՛,-առաջարկեց պատգամավորը:
՛՛Ընդունակ չե՞ք մի լավ բան հորդորելու, տիկին Փոստանջյան՛՛,-հարցրեց ԱԺ նախագահը:
Ապա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց, որ արձանագրությունները բացառիկ դրական ազդեցություն ունեցան Հայաստանի դիրքը միջազգային ասպարեզում բարելավելու գործում: Չհամաձայնեցին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ այդ արձանագրությունները նախապամաններ ունեին և այդ մասին բոլորն են տեղյակ: