“Դրանց տակ մտնելուց” սխալ բան չկա. Արմեն Երիցյան /վիդեո/
”Սա իրենց պրոբլեմն է: Ես լուրջ չեմ մոտենում այդ հարցումներևին, եթե ինչ-որ մեկը մեկին սիրում է, կամ չի սիրում, ինչ-որ տոկոսներ է ասում, դա իր խնդիրն է, թող ինքն էլ իր տոկոսներով բավարարվի, այդ տոկոսներն ում ուզում է ներկայացնի բացի Արմեն Երիցյանից”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը` մեկնաբանելով GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած հարցումները, որոնց համաձայն երևանցիների շատ քիչ թվով մարդիկ ձայն կտան Երիցյանին ու ՕԵԿ-ին` 3,8 տոկոս:
”Ես իմ ազգաբնակչության հետ հանդիպման ժամանակ տեսնում եմ, թե ով ինչ տոկոս ունի”,-նշեց նա:
Հարցումները ցույց էին տվել նաև, որ ՕԵԿ-ի կարգախոսը` ”Մենք կարող ենք ավելին”, չի համապատասխանում նրանց արած գործին: Այս մասին Երիցյանն ասաց, որ կարգախոսներն ընդամենը բառեր են:
”Մեկը ասում է բարև, բարլուս, մեկը մի բան է ասում, թող քաղաքացին ասի, որը սիրեց, որը` չէ: Այդ տոկոսային հարաբերությունների տակ մտնելուց սխալ բան չկա”,-շեշտեց նա` հավելելով, որ թերահավատորեն է մոտենում այդ հարցումների արդյունքներին:
”Թող իրենք գան մի օր հանդիպումների, կաբինետներում նստած հարցումներ են անում”,- ասաց, որ չի բացառում, որ այդ հարցումները պատվիրված են:
”Կարող է նաև պատվիրված լինել, բայց ես որ չեմ պատվիրել` 100 տոկոս”,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: