Կադրային ջարդ` նոր պաշտոնանկություններ

Ոստիկանությունում տեղի են ունեցել մի շարք պաշտոնանկություններ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ՝ ազատվելով Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Henaran.am-ի տեղեկություններով` Կարեն Հովհաննիսյանը աշխատանքից ազատվել է ոստիկանական թոշակի անցնելու պատճառով:
Արմեն Մալխասյանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ աշխատանքից ազատվել է Կոտայքի բաժնի պետ Միքայել Աֆյանը, ով փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի որդին է: Մալխասյանը նշեց, որ Միքայել Աֆյանը սեփական զեկուցագրի հիման վրա է աշխատանքից ազատվել:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկություն, որ Ալեքսանդր Աֆյանը ևս պաշտոնանկ է արվելու: Սակայն Մալխասյանն այս լուրը հերքեց:
Նշենք, որ այս պաշտոնակությունները սկսվեցին Գյումրիի հայտնի կրակոցներից հետո: