Պատրա՞ստ է Վարդան Օսկանյանի կուսակցությունը
Վանաձորում, ինչպես նաև Գյումրիում ու մի քանի այլ վայրերում տեղական ինքնակավարման ընտրություններին «Համախմբում» կուսակցությունը հանդես է գալիս առանձին ցուցակով: Որոշ քաղաքագետների պնդմամբ` ընդդիմությունը պետք է միավորվեր ու հատկապես հանրապետության 2-րդ ու 3-րդ քաղաքներում միասնական ցուցակով մասնակցեր ընտրություններին: Henaran.am-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը նկատեց, որ առանձին մասնակցելն ինքնանպատակ չէ. «Դա պետք է լինի և արժեքների, և գաղափարական, և վստահության հենք, որպեսզի լինի միասնական ցուցակ:
Ես չեմ կարծում, որ ընդդիմության առանձին մասնակցությունը վնասում է ընդդիմությանը: Ճիշտ հակառակը` իրենք կարող են դրսևորվել ամեն մեկն իր ձևով այս ընտրություններին և հետո` ընտրություններից հետո, կարող են միավորվել, ստեղծել դաշինքներ»:
Անդրեասյանի խոսքով` սա ավելի շատ մարտավարական ու ռազմավարական մոտեցումներ են, որոնց համար բանավեճ պետք չէ ծավալել:
Դիտարկմանը, որ ՏԻՄ ընտրությունները ցույց են տալու, թե ով է լինելու ընդդիմության գլխավոր «խաղացողը» խորհրդարանական ընտրություններից առաջ, և արդյոք իր նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է այդ պայքարին, նա արձագանքեց, որ արդեն ունեն տասնյակ մարզային կառույցներ` ոչ միայն Երևանում, այլև մարզերում, և այդ իմաստով նոր կուսակցություն լինելու խնդիրը չկա: «Գիտենք, որ սա շատ կարևոր ընտրություն է երկրի համար, բայց կարծում եմ, որ մեր կուսակցությունն իր ակտիվ մասնակցությամբ նույնպես դրա մասին է վկայում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Վանաձորում իրենց ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է ներկայիս քաղաքապետի մորաքրոջ որդին, ով ՀՀԿ անդամ է եղել երկար ժամանակ, տաքսի ծառայություններից մեկի սեփականատերն է, Կարեն Անդրեասյանը նշեց, որ ցուցակները որոշվել են տեղական կառույցների կողմից: «Գիտեմ, որ այնտեղ մարդիկ են, ովքեր ունեն պարկեշտ անցյալ և իրենց գործունեությամբ երբևէ չեն վարկաբեկել ոչ կուսակցությունը, ոչ իրենց անձնական որոշակի դրսևորումները: Այդ իմաստով վստահ ենք, որ ցուցակում այնպիսի մարդիկ են, ովքեր հեղինակություն ունեն իրենց քաղաքներում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահը ԲՀԿ նախկին անդամ ու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, իսկ Վանաձորում իրենց ցուցակներով են հանդես գալիս նաև Քաղաքացիական պայմանագիրը, «Լուսավոր Հայաստանը», իշխող ՀՀԿ-ը: