Դինքի փաստաբանին ուզում են սպանել… ուշագրավ բացահայտումներ արեց /վիդեո/
Ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը 1915 թվականի Եղեռնի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին մատուեցին ոչ միայն հայեր, այլև ազգությամբ թուրքեր, ովքեր այս օրերին Հայաստանում են: Թուրք մտավորական Ալիսայիդ Չէթինօողլուն, ով զբաղվում է Ցեղասպանության վերաբերյալ հարցերով և թուրք փաստաբան Էրդալ Դողանը, ով եղել է Թուրքիայում հրատարակվող ”Ագոս” թերթի խմբագրապետ Հրանտ դինքի փաստաբանը, իսկ Դինքի սպանությունից հետո ներկայացրել է Դինքի ընտանիքի շահերը հանդիպեցին հայ հասարակության հետ ու նրանց ներկայացրին զեկույցներ:
Էրդալ Դողանը պատմեց, որ զբաղվում է Մալաթիայի ու Դերսիմի դատական գործերով, նշեց, որ այդ և Դինքի սպանության գործով դատաքննության ընթացքը ցույց է տալիս, որ կազմակերպիչներն ու պատվիրատուներն նույն ձեռագիրն են կիրառել, այսինքն` նրանք բոլորն էլ նույն կազմակերպության ներկայացուցիչներն են: Նրա խոսքով` թուրքական պետության մեջ կա ”խորը” կոչվող պետություն, որն էլ երկրի բոլոր ”կեղտոտ” գործերն իրականացնում է:
Այդ կազմակերպության մեջ ընդգրկված է մոտ 110 հազար մարդ, որոնք Թուրքիայում ներկայանում են` որպես հասարակ քաղաքացիներ: ”Մեկը ուսանող է, մյուսը` բժիշկ, լրագրող, վարորդ, դեղագործ և այլն: Այս մարդկանց սովորեցնում են մի բան` թշնամի լինել հային”,-ասաց փաստաբանն ու խորհուրդ տվեց, որ հայերը ամեն մի թուրքի իրեն բարեկամ չընդունի: Թուրքիայում այս կազմակերպության անդամներին անվանում են սպիտակ թուրքեր: Վերջիններս հայատյացություն քարոզելու նպատակը հետապնդելով ակտիվորեն օգտագործում են ձեռքի տակ եղած լրատվամիջոցները: Դողանը հայտնեց, որ նրանք հայերի նկատմամբ հակաքարոզչությունից զատ մանիպուլյացիայի են ենթարկում նաև ալևիներին ու քրդերին, ովքեր իրենց տներում փակցնում են թուրք հեղինակությունների լուսանկարները:
”Այս խումբը պատրաստվում է նրա համար, որ եթե հայ ժողովուրդը դառնա իրավատեր, քայլեր կատարի դատապարտման ուղղությամբ և հաջողության հասնի, պատրաստ լինեն հակահարված տալու ձեզ”,-խոսքն ուղղելով հայ հասարակությանն ասաց Դինքի փաստաբանը: Նա նաև ընդգծեց, որ ներկայումց ևս շարունակվում է հայերի նկատմամբ հակաքարոզչությունը, նրանց նկատմամբ հալածանքներ կան: Թուրքիայում բնակվող հայերի մասին ամեն մի տեղեկություն ուսումնասիրվում է, իշխանությունները փորձում են պարզել, թե նրանք ում հետ են շփվում, ինչով են սնվում, նույնիսկ քանի հավ կամ այլ կենդանի ունեն: ”Հայն այնտեղ իրեն պատանդի պես է զգում: Հայն իբրև հայհոյանք է օգտագործվում”,-ասաց նա:
Զեկույցից հետո դահլիճը հոտընկայս ծափահարեց Էրդալ Դողանին, ապա հնարավորություն տրվեց թուրք հյուրերին հարցեր ուղղել:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք թուրքական իշխանությունը նրանց չի հալածում, մտավորական Չէթինօղլուն պատասխանեց.
”Մարդու համար երկու կարևոր հանգամանք կա` արդարություն և վախ, միայն խենթը չի վախենում, ես բանական էակ եմ, բնականաբար, վախենուոմ եմ, բայց ինձ մոտ արդարությունն ավելի շատ է գերակշռում, ամեն ինչի պատրաստ եմ”:
Փաստաբան Էրդան Դողանը հայտնեց, որ իրեն սպանելու առաջարկ արվել է հենց դատարանում Մալաթիայի գործով մեղադրյալների կողմից:
”Մալաթիայի դատարանի ընթացքում մեղադրվողները ուղիղ ելնում ու հայտարարում են` Դողանին դատարանի դահլիճում սպանեք, գլխին մի հատ խփեք և վերցրեք այս շան լակոտին, ինչպես Դինքի հետ արեցինք”:
Վերջինս թերի է գնահատում հայաստանյան իշխանության գործունեությունը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:
Զրույցի շարունակությունը` տեսանյութում: