Տարոնին կանայք են սիրում.սոցհարցում

Ապրիլի 19-25-ը Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը հարցումներ է կատարել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է հազար քաղաքացի:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցման արդյունքները ներկայացրեց ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանը:
Հարցին, թե ում կընտրեին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, 48.3 տոկոսը պատասխանել է, որ կքվարկեր ՀՀԿ-ի, 16 տոկոսը` ԲՀԿ-ի, 7.4 տոկոսը` ”Բարեւ, Երևանի”, 4.4 տոկոսը`ՀԱԿ-ի, 4.2 տոկոսը` ՕԵԿ-ի, 2.3 տոկոսը` ՀՅԴ-ի օգտին:
Պողոսյանը նաև հայտնեց, որ հարցված երևանցիների 53.6 տոկոսը քվեարկելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին, ով գլխավորում է ՀՀԿ-ի ցուցակը: Նա հայտնեց, որ Մարգարյանի կողմնակիցների մեջ կանայք ավելի շատ են` 59.7%, սակայն չգիտի` ինչով է դա պայմանավորված: Հարցվածների 20%–ը նաև ասել է, որ ”լիովին գոհ” է քաղաքապետի գործունեությունից, 44.6%–ը ”հիմնականում բավարարված է: ”Ստացվում է, որ Մարգարյան Տարոնի գործունեությունից հիմնականում բավարարված են։ Երևի սրանով էլ բացատրվում է այն, որ անկախ կուսակցական կողմնորոշումներից` ոնց որ թե գերադասում են, որ ինքը լինի քաղաքապետ: Կլինի թե չէ, ընտրությունները ցույց կտան”,-նշեց սոցիոլոգը:
Հարցումները նաև ցույց են տվել, որ երևանցիների ութսուն տոկոսը մասնակցելու է քվեարկությանը: