Շիրազի ծնունդն էլ խառնաշփոթի մեջ
Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էլ է բանաստեղծի տեսակի պես հախուռն, երբեմն անկազմակերպ, ինքնաբուխ նշվում: Մամուլում տարածված հաղորդագրության համաձայն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Հովհաննես Շիրազի հուշաքարի կողքին ցերեկույթ էր լինելու նվիրված մեծանուն բանաստեղծի ծննդյան 98 ամյակին:
Բանաստեղծի դուստրը` Անի Շիրազը այսօր Պանթեոնում անակնկալի է եկել, երբ այցելուներ է տեսել հոր շիրիմին: Նա Henaran.am-ին ասաց, որ իր հոր ծննդյան օրը վաղն է` ապրիլի 27-ին, որ շիրազագետներն էլ հավաստել են, և փաստը արձանագրել բանաստեղծի կենսագրականներում:
Անի Շիրազը ասաց, որ վաղը Գյումրի պիտի գնա, որտեղ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում առավել մեծ շուքով է նշվում բանաստեղծի ծնունդը:
” Ինքը` Շիրազը, միշտ ասել է, որ իր ծննդյան օրը 1915 թվականի ապրիլի 24-ն է: Այս տարի էլ ապրիլի 24-ին մենք այցելեցինք Եղեռնի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրեցինք հայրիկի փոխարեն”:
Բանաստեղծի դուստրը հավաստեց նաև որ վաղն ավելի շատ մտերիմներ կհավաքվեն Կոմիտասի անվան պանթեոնում` բանաստեղծի շիրիմի շուրջ:
Այսօր սակայն Շիրազի անունը կրող դպրոցի սաները ծաղիկներ դրեցին բանաստեղծի շիրմաքարին և կարդացին նրա գործերը: