Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում եւ Հռոմում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց “Աղետ” վավերագրական ֆիլմը` իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում կատարեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն: Հոգեւոր արարողությանը հետեւեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի հանդիսավոր տեղադրումը, որին ներկա գտնվեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Նույն օրը Բարսելոնայի Օրֆեո Գրասիենս սրահում, ՀՀ դեսպանության հովանու ներքո` Իսպանիայում Հայաստանեաց Առաքելական եկեղեցու փոխառաջնորդության, տեղի հայկական միությունների եւ Կատալունիայում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպվեց Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված հանդես: Հրավիրվածների շարքում էին Կատալունիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ: Ելույթներ ունեցան Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, Կատալունիայի կառավարության ներգաղթի հարցերով տնօրեն Մարիա Ռոսա Ֆորտունին, Բարսելոնայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Արման Պոտչը:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Վալենսիա եւ Ալիկանտե քաղաքներում:
Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում Հռոմի Հայ Կաթողիկե Լեւոնյանվարժարանի Մեծավոր հայր ԳեւորգՆորատունկյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին մասնակցեցին նաեւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եւ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
Պատարագի շուրջ 100 ներկաների թվում էին Սուրբ Աթոռում եւ Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, Հռոմի Հայ Առաքելական Համայնքի հոգեւոր հովիվը, հայ համայնքի ներկայացուցիչներ, կաթողիկե բարձրաստիճան եկեղեցականներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված լրագրողներ:
Պատարագից հետո խոսք տրվեց դեսպան Մինասյանին, որն իր ուղերձում, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդը, չնայած 98 տարիների ընթացքում կրած դժվարություններին, նահատակների հիշատակը վառ պահելով, տոկունությամբ եւ պայքարի միջոցով, այնուամենայնիվ, կարողացավ ստեղծել ինքնուրույն պետություն եւ պահպանել այն: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ Իտալիայում ՀՀ դեսպանը:
Պատարագից հետո, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, խաչքարի մոտ զետեղվեց ծաղկեպսակ: