Ինչպիսի՞ն է եղել Միքայել Մելքումյանի առաջին սեպտեմբերի մեկը
‹‹Սեպտեմբերի մեկը տոնական, սպասումներով լի օր է: Ես երկու դուստր ունեմ և մի տղա: Փոքր դուստրս դպրոց է հաճախում, չորրորդ դասարանում է սովորում: Երեկվանից նախապես ծաղկեփունջը գնել էի: Բայց քանի որ այսօր զբաղված էի, չկարողացա աղջկաս դպրոց ուղեկցել. մայրիկն ուղեկցեց դպրոց››, – անդրադառնալով Գիտելիքի օրվան՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը վերհիշեց իր համար ամենակարևոր ու նշանալից սեպտեմբերի մեկը՝ այն օրը, երբ ինքն առաջին անգամ դպրոց հաճախեց:
‹‹Հիշում եմ՝ ինչպես աջաջին անգամ դպրոց հաճախեցի: Շատ էի ուրախացել, որ արդեն դպրոցական պիտի դառնայի: Ես Հովսեփ Արազու անվան դպրոցն եմ հաճախել. Սահյան փողոցում էր գտնվում: Առաջին դասարանցիներին, որոնց շարքում նաև ես էի, ողջունում էին տասներորդ դասարանցիները: Նրանցից շատերը մեր թաղից էին, ճանաչում էի նրանց: Շատ ուրախացա, երբ տեսա, որ նրանք են մեզ ողջունում: Այն ժամանակ ուրիշ էր: Բակային կյանքը ավելի ակտիվ էր: Իսկ այսօր երեխաներն ավելի շատ ժամանակ են ժամանակ հատկացնում համակարգչին:
Հույս ունենանք, որ մեր դպրոցները ու բուհերը կհամապատասխանեն լավագույն ստանդարտներին և կունենանք կրթված սերունդ: Դա շատ կարևոր է մեր երկրի համար››, – ասաց Միքայել Մելքումյանը: