04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա այցին. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ օգոստոսի 30-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման եւ հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում: Գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են բարձր մակարդակի միջպետական շփումները՝ նախագահը նշել է, որ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա պաշտոնական այցին:

Դեսպան Սագանելիձեն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն ունեցող սերտ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ եւ հավելել, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնավարել մի երկրում, որի դարավոր պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ավանդական բարեկամության եւ երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման պատմական հիմքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու ամուր հիմք է:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Գիորգի Սագանելիձեն համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ կան լայն հնարավորություններ եւ չօգտագործված մեծ ներուժ՝ զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մշակույթը եւ այլն:

ՀՀ Նախագահը եւ Վրաստանի դեսպանը երկուստեք կարեւորել են նաեւ միջխորհրդարանական կապերի սերտացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ