06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում եւ Լիբանանում

Ապրիլի  24-ին  Շարժայի  Սբ. Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցում տեղի  ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության  1.500.000 անմեղ նահատակների:

Արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, հայ  համայնքի անդամներ եւ հյուրեր: Արարողության ավարտին եկեղեցու բակի խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում:

Օրվա  երկրորդ  կեսին  Արաբական  Միացյալ  էմիրություններում  Հայաստանի  Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ  տարելիցին  նվիրված ոգեկոչման  երեկո:

Երեկոյին բացման խոսքով  հանդես  եկավ  Հոգշ. Տ.  Մեսրոպ  վարդապետ  Սարգիսյանը, որից  հետո  Աբու Դաբիի Ազգային վարչության  երիտասարդական  հանձնախումբը  հանդես եկավ գեղարվեստական հայտագրով:

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով Հայոց  ցեղասպանության  միջազգային  ճանաչման  ուղղությամբ  ՀՀ  իշխանությունների  եւ  ողջ  հայության  համատեղ  ջանքերը, կարեւորեց  պատմական արդարության  հաստատմանն  ուղղված  շարունակական  պայքարի  նշանակությունը:

Երեկոյի  վերջում  դեսպանության  բակում  տեղի  ունեցավ  մոմավառություն, որին  հետեւեց  Մեծ  եղեռնի  զոհերի  հոգեհանգստի  կարգ:

Լիբանանում շարունակվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ապրիլի 23-ի երեկոյան Անթիլիասի մայրավանքի բակում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցավ “Հսկումի երեկո”: Միջոցառման մոտ 3000 ներկաների շարքում էին Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, նախարարները,  Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական ողջ անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգեւոր առաջնորդները, ինչպես նաեւ հասարակական, հայրենակցական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվեց ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին:  

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսվոր Սուրբ Պատարագ, որին Մայրավանքի բակում  հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հարյուրավոր ներկաներին իր հայրապետական պատգամը  փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը:  Ներկաներին ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը:  Այնուհետեւ Անթիլիասի մայրավանքի բակում գտնվող  “Նահատակաց հուշարձանի” մոտ ծաղկեպսակներ զետեղեցին  Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական,  մշակութային եւ այլ կառույցների ներկայացուցիչները: 

Օրվա երկրորդ կեսին Բուրջ Համուտի հրապարակից կազմակերպվեց բազմահազարանոց քայլարշավ  դեպի Բեյրութի կենտրոնում գտնվող Նահատակների հրապարակ: Ելույթներով հանդես եկան Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի եւ հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Ընթերցվեց ՄԱԿ-ին ուղղված հուշագիրը, որը կփոխանցվի Լիբանանի ՄԱԿ-ի գրասենյակ ապրիլի 25-ին: 

Ապրիլի 24-ի  երեկոյան   Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ:  Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան եւ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի բոլոր կառույցների եւ Լիբանանում ՀՀ դեսպանի  մասնակցությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ