“Ղալաթ է արել”. 168 ժամ
Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ երեքշաբթի օրը ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանը քաշքշել եւ հարվածել էր ilur.am-ի լրագրողին:
Թերթը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է համարում նման միջադեպերը, որոնք դարձյալ ՀՀԿ-ականների կողմից են իրականացվում:
“Իհարկե` ոչ, եւ հազար անգամ` ոչ: Եթե ինչ-որ մեկը հարվածել եւ քաշքշել է որեւէ լրագրողի, անկախ նրանից, թե ով է այդ լրագրողը եւ ինչ ճաշակի լրատվամիջոց է ներկայացնում, կամ` ինչպես է իրեն պահել տվյալ պահին, իմ պատասխանը նույնն է` “ղալաթ” է արել:
Այս հարցում ես չունեմ այլ կարծիք` ոչ մեկն իրավունք չունի լրագրողին խոչընդոտել՝ կատարելու իր մասնագիտական պարտականությունները: Կարծեմ՝ կա ոստիկանության համապատասխան հայտարարությունն այս միջադեպի մասին, հուսամ՝ ամեն ինչ կքննվի եւ կպարզվի, իսկ մեղավորը կպատժվի արդարացիորեն՝ անկախ նրանից՝ ինչ քաղաքական ուժ է ներկայացնում եւ ով է”,-ասաց նա: