Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ. վարչապետը` հարկերից խուսափող բուժհաստատություններին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ:
“Մեկ ամիս առաջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկել ենք առողջապահական համակարգի բուժհաստատությունների տնտեսական և հարկային պարտավորությունների կատարման խնդիրը: ՀՀ Նախագահը մատնաշել է, որ ֆինանսական խնդիրներից բացի այս բանագավառում առկա են նաև դեղերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և մյուս ծառայություններն ուսումնասիրություններ են իրականացրել, թե ինչպես են բուժհիմնարկները կատարում իրենց հարկային պարտավորությունները և դեղերի ձեռքբերման գնումների գործընթացներում ինչպիսի իրավիճակ է առկա”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է, որ ներկայում ստուգումներ են իրականացվում առողջապահական մի քանի կազմակերպություններում:
“Չափագրումների արդյունքներով օրական արձանագրվում է գործունեության ծավալների 50 տոկոսի աճ: 50-ից ավելի ձեռնարկություններ շահութահարկի գծով վնասով աշխատելու հաշվետվություններ են ներկայացրել: Այսինքն, շահույթի հետ կապված լուրջ խնդիրներ են առկա: Բոլոր ձեռնարկություններն ինքնուրույն պետք է ուղղեն իրենց հարկային հաշվետվությունները, հակառակ դեպքում մեր գործողությունները կլինեն անցանկալի՝ կիրականացվեն օպերատիվ հետախուզական և հետաքննչական աշխատանքներ:
Մեր ուշադրության կենտրոնում է նաև դեղերի շուկան: Այդ դաշտը մեզ համար պետք է լինի կառավարելի և խիստ վերահսկողության տակ”,- ասել է Գագիկ Խաչատրյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ՝ առողջապահական բուժհիմնարկներում անցկացված ստուգումներով արձանագրվել են հարկերից խուսափելու ակնհայտ դեպքեր: “Հիմնական շեշտը դրել ենք չափագրումների ինստիտուտի վրա, որպեսզի պարզենք հիմնարկների շրջանառությունները: Հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրվել է 95 հանձնարարագիր, որոնցից 15-ի մոտ ներկայացված շրջանառության նվազագույն շեղումն իրականությունից կազմում է 40 տոկոս: Դեպքեր կան, երբ նկատվում է օրական շրջանառության 80-90 տոկոսի տարբերություն:
Միաժամանակ, ուսումնասիրված կազմակերպությունների շրջանառությունները և հարկային ցուցանիշները չեն համապատասխանում երկրի տնտեսական ընդհանուր աճին, իսկ կազմակերպությունների 50 տոկոսը ներկայացնում է, թե վնասով է աշխատում”,- ընդգծել է Արմեն Ալավերդյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ քաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունները միշտ չէ, որ հաշվառվում են, չեն տրամադրվում նաև ՀԴՄ կտրոններ: “Միշտ չէ նաև, որ հայտարարագրվում են իրական աշխատավարձերը, ոլորտում առկա են վարձատրման ստվերային երևույթներ, իսկ առանձին դեպքերում բժիշկներն իրենց մատուցած ծառայությունների մի չնչին մասի համար են վարձատրվում, ինչի հետևանքով աշխատավարձերի սոցվճարները և եկամտահարկը ցածր են լինում”, – նկատել է Ալավերդյանը:
ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է, որ առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված 84,2 մլն դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:
Առողջապահության նախարարությունը 2009 թվականից իրականացրել է ուռուցքաբուժության բնագավառում կիրառվող “Քսելոդա” /”Կապեցիտաբին”/ տեսակի դեղորայքի չորս գնում, ընդ որում` հունիսին 1-ին դեղահատի գինը կազմել է 2670 դրամ, իսկ սեպտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի գնումներով՝ 1875 դրամ: Ձեռքբերված դեղորայքի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնին: Միաժամանակ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն` ուղղակի գնման ձևով, նույն դեղորայքը 2009 թվականի փետրվարին ձեռք է բերվել 1167 դրամով։ Այսինքն, առողջապահության նախարարության կողմից ձեռքբերված դեղորայքի գինն էականորեն ավելի բարձր է հիվանդանոցի կողմից ուղղակիորեն գնված միևնույն դեղորայքի գնից:
Սոնա Ղարիբյանի տեղեկացմամբ, միաժամանակ, ձեռքբերված”Ալիմտա” դեղորայքի պիտանելիության ժամկետում սպառման ցածր տեմպերը հանգեցրել են ավելի քան 140 մլն դրամ պետական միջոցների հնարավոր կորուստների, անարդյունավետ ծախսերի, որը պայմանավորված է նախարարության կողմից առանց համապատասխան մոնիտորինգի իրականացման, առանց կոնկրետ դեղի պահանջարկն ուսումնասիրելու կատարված չհիմնավորված գնումներով: Արձանագրվել է նաև հակառակ երևույթը։ Օրինակ` հոգեբուժական ծառայությունների մատուցման բնագավառում խիստ անհրաժեշտ “Զիպրեքսա” դեղամիջոցը վերջին երեք տարիներին պարբերաբար գնվել է մոտ 250 հիվանդի պահանջարկով, սակայն իրական պահանջարկը կրկնակի ավելի է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, երբ առողջապահության բնագավառի տնտեսվարողները հակամրցակցային գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով մի շարք տնտեսվարողներ ենթարկվել են պատասխանատվության: “Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում բուժհաստատությունները գնումներ կատարելիս օրենքով սահմանված կարգով մրցույթներ չեն անցկացնում՝ կոպտորեն խախտելով գնումների օրենսդրական պահանջը: 134 բուժհաստատությունների գնումների գործընթացների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դրանցից 100-ը մրցույթներ չեն իրականացրել, իրենք են որոշել, թե որտեղից գնումներ կատարեն: Բոլոր այն դեպքերում, երբ մրցույթներ չեն կազմակերպվել, կատարվել են միակողմանի գործարքներ, պարզվել է, որ տվյալ ապրանքի համար վճարված գինը շատ ավելի բարձր է եղել, քան իրական արժեքն է”,- ասել է Արտակ Շաբոյանը:
Դիմելով խորհրդակցությանը ներկա բուժհաստատությունների ղեկավարներին՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ դուք այսուհետ ներկայացնելու եք աշխատավարձերի իրական պատկեր և բուժհաստատություններում մենք կտեսնենք աշխատավարձերի աճ: Բուժհաստատությունների բուժանձնակազմերը դա են սպասում: Պետք է հրաժարվեք ստվերային աշխատավարձերի վճարումից: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատավարձերի կտրուկ աճ պետք է տեղի ունենա: Մարդկանց օրինական աշխատավարձ պետք է տալ:
Այն բուժհաստատությունները, որոնք կընկնեն ռիսկային ցանկերում՝ կզրկվեն պետական ֆինանսավորումից, պետական պատվերից: Այն բուժհաստատությունները, որոնք լինելու են ռիսկայինների ցանկում՝ նրանց նկատմամբ առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի՝ որակական հատկանիշների համապատասխանելիության վերաբերյալ, ինչի հետևանքով շատերը կզրկվեն առողջապահական ծառայություններ մատուցելու լիցենզիաներից: Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ և հարկերից չարամտորեն խուսափելու ստուգումներ իրականացնենք: Այսօր մենք չենք ուզում դիպչել այդ գործիքին, չենք ուզում կիրառել քրեական հոդվածներ, բայց դաշտում պարտավոր ենք էապես կրճատել ստվերայնությունը:
Պարոն Դումանյան, այս բոլոր զեկույցները նշանակում են, որ Դուք ունեք վճռական գործողությունների հնարավորություն: Դուք ունենալու եք Կառավարության բոլոր գերատեսչությունների աջակցությունը և կարող եք համակարգում վճռական քայլեր իրականացել: Այդ քայլերում մենք Ձեզ սատարելու ենք”:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել գործադիրի ղեկավարին իր գլխավորած համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և հավաստիացրել, որ ներկայացված բոլոր խնդիրները կգտվեն իր ուշադրության կենտրոնում: Նախարարը վստահեցրել է, որ կվերլուծեն ներկայացված փաստերը և կարվեն համապատասխան հետևություններ:
Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: