ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հպարտ ու տխուր … այրեցին Թուրքիայի դրոշը, մեկնարկեց ջահերով երթը /ֆոտո, վիդեո/լրացված
Ազատության հրապարկում պատրաստվում են րոպեներ անց մեկնարկելիք ջահերով երթին: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Հայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում , սփյուռքում, կազմակերպվում է ավանդական ջահերով երթ` նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մասնակիցների թիվը բավականին շատ է. պահանջատիրական պաստառներ եւ դրոշներ, հնչում են ազգագրական երգեր:
Շուտով այստեղ կայրվի Թուրքիայի դրոշը: “Henaran.am“-ի թղթակցի զրուցակիցները ասացին, որ միաժամանակ հպարտ են եւ տխուր: Նրանք վստահություն հայտնեցին, որ որոշ ժամանակ անց` դա կլինի մոտ ապագայում, կամ տարիներ հետո, իրենք չգիտեն, բայց Թուրքիան անպայման կընդունի Հայոց ցեղասպանությունը: “Այդ ժամանակ էլ մենք կրկին մոմավառություն կանցկացնենք, բայց հաղթանակի:
Ազատության հրապարակում են նաեւ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը` ՀՀԿ-ից, Վահան Հովհաննիսյանը` ՀՅԴ-ից: “Henaran.am-“ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը նշեց, որ 100-ամյակն իհարկե, մեծ տարելից է, սակայն դա չի նշանակում, որ 2015-ից հետո անիմաստ է այլեւս պայքարել ճանաչման կամ հատուցման համար:
Նրա խոսքով` իշխանության կողմից եղել են եւ սխալներ, եւ ճիշտ քայլեր, սակայն մեծագույն սխալ էր հայ-թուրքական արձանագրությունները: Պատգամավորն ընդգծեց, որ պետք է հասարակությանը պատրաստել ճանաչման դեպքում մեծագույն հաղթանակին:
ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը Henaran.am–ին ասաց, որ Հայաստանի իշխանության բոլոր քայլերը միտված են եղել դրական արդյունքի հասնելուն: Ավագյանը շեշտեց, որ ողջ աշխարհը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մնում է միայն դրա իրավական ճանաչումը կյանքի կոչել:
Ինչպես հաղորդեց Henaran.am-ի թղթակիցը, Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը: “Ջահերով երթը” մեկնարկեց:
20:14
Երիտասարդներ մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ յուրաքանչյուր տարի մասնակցում են ջահերով երթին և մասնակցում են ոչ թե քանակ լրացնելու, այլ ամբողջ աշխարհին և առաջին հերթին թուրքերին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր դարավոր վիշտը և չի էլ մոռանալու, և մի օր թուրքերից հետ է բերելու Մասիսն ու Արևմտյան Հայաստանը: