Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Լիբանանում

Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին:
Ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում տեղի ունեցավ Կիպրոսում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների տարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցեցին Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Իրանի (Թեհրան, Սպահան եւ Թավրիզ), Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի եւ Լիբանանի Հայոց ցեղասպանության 100‑ամյակի հանձնաժողովների եւ Լիբանանի հայկական կուսակցությունների եւ հարանվանությունների ներկայացուցիչները:
Ապրիլի 21-ին Հայ Կաթողիկե Պատրիարքարանում կազմակերպվեց Ոգեկոչման Հսկումի Երեկո` Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի նախագահությամբ, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, նախարարներ, խորհրդարանի անդամներ եւ հոգեւորականներ:
Երեկոյի բանախոսն էր Միհրան Նաջարյանը: Ցուցադրվեց “Ս. Գրիգոր Նարեկացի” կենտրոնի կողմից պատրաստված “Post Genocide timeline” տեսաերիզը:
Ելույթ ունեցավ նաեւ Սուր քաղաքի հույն կաթողիկե առաջնորդ Ժորժ եպիսկոպոս Պագունին, ով 2004թ.-ին իր հոգեւոր առաքելությունն իրականացրել էր Երեւանում եւ Գյումրիում: Նա հիշեց, թե ինչպիսի հուզումով է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երեւանում եւ առաջարկեց կառուցել Ցեղասպանության թանգարան նաեւ Լիբանանում:
Երեկոն եզրափակվեց Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի խոսքով եւ աղոթքով:
Ապրիլի 19-ին եւ 20-ին Մեսրոպյան վարժարանում “Թ. Ռոսլին” Կերպարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեցին աշակերտական ոգեկոչման երեկո եւ 5-ից 18 տարեկան աշակերտների ցուցահանդես:
Ապրիլի 21-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Դեմիրճյան կենտրոնում Հ.Բ.Ը.Մ. եւ Հ.Ե.Ը. մշակութային մարմնի աջակցությամբ տեղի ունեցավ ռեժիսոր Արմեն Խաչատրյանի “Մենք կանք” վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող հայերին: Ցուցադրությունից հետո ֆիլմի հեղինակ Արմեն Խաչատրյանը պատասխանեց ներկաների հարցերին: Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, ազգային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, արվեստագետներ, դիվանագետներ: