“Պասերով”, “պասերով”

՛՛Երբ որ նախագահը քննադատեց վարչապետին և նրա որդեգրած քաղաքական-տնտեսական կուրսը, գործողությունները, ես հայտնեցի իմ ուրախությունը, որ վերջապես իշխանությունը ականջալուր եղավ մեր կողմից, ժողովրդի կողմից բարձրացվող խնդիրներին: Բայց արի տես, որ այո, ինչ-որ հակասություն տեղի ունեցավ:
Մեր դիրքորոշումն այս պարագայում փոխվել չի կարող և կառավարության, և վարչապետի քաղաքական կուրսի վերաբերյալ: Եզրակացությունը թողնում ենք մեր հանրությանը, օրինակ` երևանցիներին այս եկող ընտրությունների ժամանակ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ խոսնակը հետեւեց կուսակցական “ռեւերանսների” կուրսին եւ բաց տեքստով հերքեց ինքն իրեն: Ասաց, որ վարչապետի նշանակման նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են, վերջինս Ծառուկյանին ներկայացրել է վարչապետի վերանշանակման որոշումը: Ավագանու ընտրությունների հետ կապված որևէ քննարկում չի եղել: Մինչդեռ օրեր առաջ, Ուրիխանյանը Henaran.am-ին ասել էր, որ նման հանդիպում տեղի չի ունեցել:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի կոչը՝ հայտարարել ԲՀԿ-ը որպես ընդդիմադիր խմբակցություն և ոչ “այլընտրանք”, պատգամավորն ասաց, որ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ այդ մասին պատասխանել է, իսկ ինքն իր տեսակետն է հայտնում.
՛՛Կա փաստացի իրավիճակ քաղաքական դաշտում առհասարակ` ՛՛Բարգավաճ Հայաստան” կուսակցության գործողությունների և պաշտոնական տեսակետի առումով ևս, և դրանով ամեն ինչ ասված է: Եթե կա ձևակերպումների անհրաժեշտությոն, եթե կուսակցությունը կհանձնարարի ինձ որպես խոսնակի որևէ բան ներկայացնել պաշտոնական տեսքով, ես այն կանեմ՛՛:
Խոսնակը հավելեց, որ քաղաքացին շատ լավ տենում է` ինչ է անում այս կամ այն կուսակցությունը, իսկ ԲՀԿ-ն փաստացի իշխանության մաս չի կազմում:
Henaran.am-ի հարցին, արդյոք ԲՀԿ-ը կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած “Նոր Հայաստանի” միասնական ճակատին, Ուրիխանյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ այն նախագծերի վերաբերյալ, որը բխում է ժողովրդի շահերից, եթե չկան բարոյական-գաղափարական լուրջ հակասություններ, սակայն դրա համար անհրաժեշտ են կոնկրետ գործողությունների ծրագիր ու օրակարգ: Ուրիխանյանի խոսքով` երբ դրանք կլինեն, իրենք դրանց կարձագանքեն: