ԱԺ փոխնախագահի անդրադարձը ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2012 թ-ի զեկույցի Հայաստանին առնչվող մի շարք խնդիրներին, ի թիվս դրանց` կանանց ներգրավվածության մասին հնչեցված գնահատականներին` հետևյալ պարզաբանմամբ.
(Հիշեցնենք, որ Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականներում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձ է կատարում նաև կանանց ու փոքրամասնությունների ներգրավմանը և նշում, որ տարեվերջին 131 հոգանոց խորհրդարանում կանայք էին 14-ը, իսկ կառավարությունում` 2-ը: Երևանու ավագանու 52 անդամներից կին են ընդամնեը 5-ը, իսկ վարչական 12 միավորներից ոչ մեկի ղեկավարը կին չէ: Զեկույցի հեղինակները նշել են նաև, որ օրենսդրությամբ սահմանվում է կին թեկնածուների նվազագույն` 20 տոկոսանոց շեմ, սակայն խորհրդանի կազմում այդ հրաբերակցությունը պահպանված չէ: Ըստ զեկույցի, 41 մեծամասնական ընտրատարածքներից կանայք հաղթել են միայն 2-ում):
“ Նախ `հայտնի է, որ ընտրությունների հետ կապված խնդիրներում փոքր-ինչ դժվար է իմպերատիվներով ղեկավարվելը, որովհետև վերջին հաշվով այստեղ ընտրողն է որոշում: Եվ երբ ասում ենք, որ 41 մեծամասնական ընտրատարածքներից միայն երկուսում են հաղթել կանայք, այստեղ իսկապես դժվար է , որ իշխող ուժը կամ Կառավարությունը պարտավորություններ ստանձնեն, որովհետև սա ժողովրդավարական գործընթաց է , այստեղ ընտրողն ինքն է որոշում կայացնողը: Բայց, այնուամենյանիվ, կա մեկ կարևոր հանգամանք, այն է, որ սկսած 1995 թ-ից `բոլոր ընտրություններում ընդամենը մեկ կամ երկու դեպք է գրանցվել, որ կանայք կարողանան հաջողության հասնել և ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Իսկ այս վերջին` 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում, մենք ունենք երկու կին, ովքեր հաղթել են մեծամասնական ընտրակարգով, այսինքն` գրանցել ենք առաջադիմություն”:
Երկրորդ առաջխաղացումն ըստ ԱԺ փոխխոսնակի, այն է, որ ներկայիս գումարման խորհրդարանում ընդգրկված են 14 կին, որոնցից 9-ը Հանրապետական կուսակցության ցուցակով են առաջադրվել, այն դեպքում, երբ նախորդում Հանրապետական կուսակցությունը ունեցել է գումարման սկզբում մեկ, վերջում` երկու կին ներկայացուցիչ. “ Այսինքն` կարող ենք արձանագրել, որ միայն Հանրապետական կուսակցությունը այս գումարման խորհրդարանում կանանց ներգրավվածության առումով աճ է գրանցել 450 տոկոսով ` երկու կին ներկայացուցչի փոխարեն` ինը կին,- նշում է տիկին Նաղդալյանն` ավելացնելով , որ ցուցանիշն այսօր, սակայն, նվազել է ի հաշիվ նրա, որ այլ կուսակցություններ իջեցրել են կանանց ներկայացվածությունը, ասենք`,, Ժառանգությունը ,, նախորդ խորհրդարանում 3 կին ներկայացուցիչ է ունեցել, այժմ մեկն է, ՞Դաշնակցությունը՞ նույնպես ունեցել է 3 կին, այժմ նրանցից ոչ ոք ներկայացված չէ, մինչդեռ, իշխող կուսակցությունը, ըստ Նաղդալյանի, էականորեն փոփոխել է իրավիճակը, ու թեև այլ կուսակցությունների հաշվին այս տոկոսի նվազում է դիտվում, սակայն, շնորհիվ Հանրապետականի, հիմա ցուցանիշի աճ է ապահովվում: Թվային փոփոխությունից բացի, դիտվում են նաև որակական փոփոխություններ: Այդպես, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ընդամենը երկրորդ անգամն է, որ խորհրդարանը կին-փոխխոսնակ ունի, ինչպես նաև 2 կին մշտական հանձնաժողովների նախագահներ, 2 կին մշտական և 1 ժամանակավոր հանձնաժողովների նախագահների տեղակալներ , որը նույնպես նախկինում չկար :
Ինչ վերաբերում է Կառավարությունում կանանց ներգրավվածության սահմանափակ թվին, տիկին Նաղդալյանը հավելեց. “ Այժմ, թեև Կառավարությունում ընդամենը երկու կին ղեկավար կա, բայց արդար լինելու համար պետք է նշենք, որ երկար տարիներ այնպես է եղել, որ կանայք ընդհանրապես ներկայացված չեն եղել, կամ եղել է ընդամենը մեկ կին: Բացի դրանից աճել է նաև կին փոխնախարարների թիվը, այսինքն` այստեղ ևս այսօր կա փոփոխություն: Անշուշտ սա փոքր ցուցանիշ է: Այս առումով կուզեի նշել, որ ԱՄՆ Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում, թեև կան անժխտելի փաստեր, բայց գնահատականների մեջ արդարացի կլիներ , որ շեշտվեին նաև այն փոփոխություններն ու բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել, որովհետև բոլոր դեպքերում գործ ունենք գործընթացի հետ, ոչ մեկ օրում կամ մեկ քայլով կատարվող փոփոխության հետ”:
Իսկ Երևանի ավագանու 52 անդամներից ընդամենը 5 կանանց ներգրավվածության փաստի առնչությամբ` Հերմինե Նաղդալյանն ուշադրությունը հրավիրեց այն հանագմանքի վրա , որ ներկայացված 5 կանանցից 4-ը Հանրապետական կուսակցության ցուցակով են առաջադրված, կին են 4 մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը և մեկի նախագահի տեղակալը /2-ն ել ՀՀԿ խմբակցությունից /, այսինքն` այս ուղղությամբ ևս, ըստ Նաղդալյանի, նկատվում է իշխող կուսակցության հետևողական աշխատանքը.
“Սրանք այնպիսի փոփոխություններ են, որոնք ժամանակ են պահանջում և դեռևս ընթացող գործընթացներ են, բայց նաև պետք է ասեմ, որ վերջին շրջանում Հանրապետական կուսակցության կողմից բավական լուրջ աշխատանք է կատարվել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածությունն ընդլայնելու ուղղությամբ: Այստեղ ևս կուզեի ընդգծել, որ Հանրապետականը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, առաջինը և միակը քաղաքական կուսակցությունների մեջ, հանդես է գալիս այն պլատֆորմով, որի հիմքում ընկած է մեկ հիմնական գաղափար` մեր շարքերում փնտրենք և գտնենք այն կանանց, ովքեր ունեն ընդգծված լիդերային հատկանիշներ, կայուն գիտելիքներ, կարող են աշխատել տեղական ինքնակառավարման մարմիններում, և աջակցենք նրանց ` անհրաժեշտ ուսուցում կազմակերպելով , քաղաքական փորձառության պակասը լրացնելով, որպեսզի այնուհետև նրանց առաջադրենք որպես ավագանու կամ համայնքի ղեկավարների թեկնածուներ և համապատասխանաբար ընտրությունների ժամանակ էլ նրանց ցուցաբերենք քաղաքական աջակցություն: Ավելացնեմ նաև , որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք ունեցանք նաև գյուղական և քաղաքային համայնքների կին- ավագանիների թվի որոշակի աճ, որը, վստահ եմ, շարունակական է լինելու և ռեզերվ է հանդիսանալու հետագայում կին համայնքապետերի թվի ավելացման: Կարևոր է այս իմաստով նաև այն հանգամանքը, որ երկար և բազմակողմանի քննարկումների արդյունքում ընդունվեց կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը:
Այսպիսով, կուզենայի ամփոփել հետևյալ 2 եզրահանգումներով`
1. Թեև փաստացի ցուցանիշները այս պահին բարձր չեն,սակայն տեղի ունեցող գործընթացները և նրանց ուղղվածությունը ակնհայտ են և հուսադրող.
2. Իշխող կուսակցությունը ստանձնել է պարտավուրություններ կանանց ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ և աշխատում է դրանք իրագործել ինչպես համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման ճանապարհով, այնպես էլ իր օրինակով, որը, հուսով ենք, վարակիչ կլինի՞: