ԵԽԽՎ-ում կքննարկվի ՀՀ նախագահական ընտրություններին վերաբերող զեկույցը

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին կքննարկվի նաեւ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի նախագիծը, որում ամփոփվում են ԵԽԽՎ պատվիրակության դիտարկման արդյունքները:
Զեկույցում մասնավորապես նշվում էր, որ ընտրությունները լավ կազմակերպված են եղել` հարգելով մարդու հիմնարար ազատությունները, որ առաջընթաց է գրանցվել, սակայն եղել են նաեւ թերություններ, որոնց թվում մասնավորապես շեշտվել է վարչական ռեսուրսների չարաշահումը, ինչպես նաեւ ընտրական գործընթացին վստահված անձանց միջամտելը: Ինչպես նաեւ, ԵԽԽՎ ներկայացուցիչները նկատել են բազմաթիվ դեպքեր, երբ գործող նախագահի կողմնակիցները ընտրական տեղամասերի մոտ ուղղորդել են ընտրողներին:
Նշվել են նաեւ այլ կարգի խախտումների մասին` բազմակի քվեարկություն, լցոնումներ, ընտրակաշառքի բաժանում: Սակայն ընդհանուր առմամբ` հարգվել են նաեւ թեկնածուների հիմնարար ազատությունները եւ նրանք կարողացել են քարոզարշավն անցկացնել առանց խոչընդոտների:
Որպես 2013-ի նախագահական ընտրությունների առանձնահատկություն` զեկույցում նշվում է մրցակցության բացակայությունը, քանի որ հիմնական քաղաքական ուժերը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, չեն մասնակցել ընտրություններին, քանի որ չեն կարողացել հանդես գալ միասնական թեկնածուով:
Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացները լուսաբանելուն, ապա զեկուցում նշվել էր, որ դրանք լուսաբանվել են կանոնավոր կերպով, սակայն վերլուծական գնահատականները, ինչպես նաեւ բազմակարծությունը բացակայել են:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կշարունակվի մինչեւ ապրիլի 25-ը: