Մոսկվայում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է

Վերջին օրերին մի շարք հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին Մոսկվայում ՀՀ հյուպատոսի դիվանագետին եւ քաղաքակիրթ մարդուն ոչ վայել պահվածքի, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մասին, եւ լրատվամիջոցները տեղի տալով սկանդալային նյութ հրապարակելու ցանկությանը առանց դեսպանության տեսակետը ներկայացնելու փորձի միակողմանի ներկայացրեցին խարդախությամբ եւ դրամաշորթությամբ զբաղվող անձնավորության զրպարտչական բնույթի նամակը։
Այս առուոմվ հարկ ենք համարում հանդես գալ որոշակի պարզաբանումներով. ՌԴ հայազգի քաղաքացի Արտակ Հակոբյանն արդեն երկար տարիներ շարունակ խարդախ գործունեություն է ծավալում դեսպանության շրջակայքում` մոլորեցնելով դեսպանություն այցելող, իրենց իրավունքները չգիտակցող եւ հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերից անտեղյակ քաղաքացիներին` իբրեւ թե օգնելու պատրվակով տարբեր չափի գումարներ շորթելով: Ընդ որում, լինելով վաղուց բացահայտված, Արտակ Հակոբյանն իր հանցավոր գործունեության մեջ ներգարվում է նորանոր անձնանց:
2013թ. ապրիլի 11-ին, հերթական “գործարքը” իրականացնելիս, դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից բացահայտվել եւ կանխվել է ծրագրվող հերթական խարդախությունը, որն այս անգամ Արտակ Հակոբյանը պատրաստվում էր իրագործել քաղաքացի Ժիրայր Թադեւոսյանի միջոցով: Այսպես, Արտակ Հակոբյանը տեղեկանալով, որ քաղաքացի Նազանի Ա.-ի անչափահաս աղջկան Հայաստան մեկնելու համար անհրաժեշտ է ՀՀ վերադարձի վկայական` առաջարկել է իր օգնությունը` ներկայանալով դեսպանության աշխատակից: Այնուհետեւ, Արտակի անունից Նարինե Ա.-ի հետ կապնվել է Ժիրայր Թադեւոսյանը, հանդիպել է, վերցրել է 7,000 ռուսական ռուբլի, ապա փորձել է Նարինե Ա.-ի փոխարեն, նրա անունից դիմել դեսպանություն եւ ստանալ պահանջվող վերադարձի վկայականը, իսկ նրանց առաջարկել է սպասել դեսպանության բակում:
Ժ.Թադոսյանը դիմել է հյուպատոսական բաժին` ներկայանալով որպես Նազանի Ա.-ի ազգական եւ հայտնելով, որ Նազանի Ա.-ի ամուսինը մահացել է եւ նա գտնվում է ծանր հոգեբանական վիճակում` խնդրել է իրենից ընդունել դիմումը եւ իրեն հանձնել վերադարձի վկայականը` այդպիսով փորձելով Նազանի Ա.-ի համար տեսանելի դարձնել իր “օգնությունը”: Սակայն լրացուցիչ փաստթղթեր ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաեւ նրա կասկածելի պահվածքի արդյունքում ամեն ինչ բացահայտվել է: Նազանի Ա.-ն հրավիրվել է հյուպատոսական բաժին, տեղեկացվել է իրավիճակի մասին, հասկացել է, որ իրականում նա որեւէ կողմնակի օգնության կարիքը չուներ, տեղում նրա դստերը անվճար տրամադրվել է ՀՀ վերադարձի վկայական:
Խարդախության բացահտայման արդյունքում, Ժ.Թադեւոսյանը խոստովանել է, որ գործել է Արտակ Հակոբյանի ցուցումով, Նազանի Ա.-ի հետ նախկինում ծանոթ չի եղել եւ ունեցել է շահադիտական նկատառումներ: Ժ.Թադեւոսյանը հյուպատոսական բաժնում իրականացվող պարզաբանումների ընթացքում, գտնվելով սպասասրահում աննկատ հեռացել է` հյուպատոսական բաժնում թողնելով ոչ միայն իր անձնագիրը եւ բջջային հեռախոսը, այլեւ մեկ այլ ՀՀ քաղաքացու` Ա.Հարությունյանի անձնագիրը, որի հետ Ժ.Թադեւոսյանի եւ Ա.Հակոբյանի առնչությունը պարզվում է: Նշված փաստաթղթերը եւ բջջային հեռախոսը կվերադրաձվեն համապատասխան իրավասու մարմինների միջոցով` օրենքով սահմանված կարգով:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթային ապացույցները եւ դեսպանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում խնդիրը՝ ՌԴ իրավապահ մարմինների ներգրավմամբ, իրավական հարթությունում լուծելու, օրենքով իր վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու եւ լիազորություններն իրականացնելու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների օրինական շահերը պաշտպանելու եւ ապօրինություններից զերծ պահելու նպատակով: ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները քաղաքացիների սպասարկումը ժամանակին եւ թափանցիկ իրականացնելու նպատակով, ինչի մասին են վկայում նաեւ հերթագոյացումների բացակայությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին գիտակցել իրենց իրավունքները եւ չտրվել հանցագործ տարրերի մոլորություններին: