”Որևէ մեկը թող արդարացում չփնտրի և ուրիշի վրա մեղքը չբարդի”

”Ոչ մեկը չի ուզում քաղաքականը տեսնել, որովհետև իրենց համար քաղաքական չէ` յուրացումները, իրենց օրակարգը չէ` տնտեսությունը մոնոպոլացնելը, իրենց օրակարգը չէ կառավարման համակարգը նմանատիպ դեգրադացման հասցնելը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով ”Ժառանգության” ”Նոր Հայաստանի” օրակարգին չմիանալը պատճառաբանել է մասնավորապես այսպես.
”Մենք ըմբռնումով ենք մոտենում, իհարկե, ցանկացած քաղաքական ուժի գործունեությանը, աշխատաոճին, բայց մենք քաղաքական օրակարգը, հստակ քաղաքական ծրագրերը, հստակ քաղաքական նպատակները գերադասում ենք եկեղեցական ծիսակարգերից, մոմավառություններից, գերադասում ենք գեղեցիկ, դեկլարատիվ հռչակագրերից’:
Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ բոլոր այն անձինք, ովքեր չեն ուզում ”Ժառանգության” քայլերում քաղաքական տարր ու պայքար տեսնել, բնականաբար չեն տեսնում, բայց դա իրենց խնդիրն է, կարևորն այն է, որ ժողովուրդն է տեսնում այդ ամենը: Նախկին պատգամավորը նաև խորհուրդ տվեց ԲՀԿ-ին.
”Բառախաղերով զբաղվելու փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի նկարագրել, թե տարիներ շարունակ ինչպես են իրենք այնպիսի կառավարման համակարգ ստեղծել, որի ժամանակ արտագաղթ է եղել և դա բնորոշ է բոլոր երեք նախագահներին էլ, իրենց սատարող քաղաքական ուժերին էլ, և որևէ մեկը թող արդարացում չփնտրի և ուրիշի վրա մեղքը չբարդի”: