Արմեն Մարտիրոսյանը 3 ժամ ցուցմունք է տվել

”Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ”Բարև Երևան” դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր մոտ երեք ժամ ցուցմունք է տվել ՀՔԾ-ում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը, ով որպես վկա հարցաքննվել է ապրիլի իննին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված:
”Դետալացված կարգով ներկայացրել եմ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի իննի և առավոտյան, և երեկոյան, նկարագրել գործողությունները, որից հետո ինչ է հաջորդել, ոստիկանության ապօրինի հրամանները, լիազորությունների գերազանցումը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Այս երկու դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ ապրիլի իննի առավոտյան Արմեն Մարտիրոսյանին ու դեպի ”Ազատության” հրապարակ շարժվող մարդկանց ոստիկանության աշխատակիցները փորձել էին խոչընդոտել հասնել հրապարակ, իսկ ավելի ուշ Բաղրամյան պողոտայում Մարտիրոսյանին ծեծի էին ենթարկել և տեղափոխել ոստիկանություն:
Ապրիլի տասին ևս Մարտիրոսյանը հրավիրվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով:
Հարցին, թե վստահ է, որ գործը արդար ավարտ կունենա, նախկին պատգամավորը պատասխանեց. ”Ես համենայնդեպս դրա համար եմ պայքարում, որովհետև նրանք անձնավորություններ են, որ ոստիկանական համազգեստ են հագնում, ոչ թե ոստիկաններ են, նրանք պետք է մարդկային հոգեբանություն ունենան, բարոյականություն ունենան, իրենք չպիտի վերածվեն սադրիչների, ուստի այս պարագայում մենք առաջ շարժվելու տեղ ունենք:
Կարծում եմ, որ ոստիկանությունը պիտի համալրված լինի այնպիսի կադրերով, որոնք ադեկվատ են գործում տվյալ իրավիճակներում և ցանկացած պարագայում անհամարժեք գործողություններ, սադիստական արարքներ իրենց թույլ չեն տա”: