Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը` Օսկանյանի ընդդիմադիր դառնալու առաջարկի շուրջ
Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է: Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն լինել կամ չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը:
ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիայի և դրանով ամեն ինչ ասված է: Ի վերջո, ընդդիմություն լինել-չլինելը չի որոշվում ԵԽ հանձնարարականներով, կամ ԱԺ կանոնակարգի արհեստածին դրույթով. այլ որոշվում է քաղաքական ուժի գործունեությամբ և նրա ներկայացրած ու իրագործվող քաղաքական օրակարգով:
Կա նաև հարցի մեկ այլ կողմը` Հայաստանում վերջին տարիներին քաղաքական դաշտն այնքան է լղոզվել ու նաև, չխուսափենք ձևակերպումից` վարկաբեկվել, “ընդդիմություն” հասկացությունը այնքան անորոշ և երկիմաստ է դարձել, որ այդ հասկացությունը ևս հստակեցման լուրջ փուլեր պիտի անցնի:
Ի վերջո, մեր բոլորի աչքի առաջ բազմաթիվ “ընդդիմադիր” ականներ և հաճախորդներ բացահայտվեցին, և այդ պրոցեսը շարունակվում է: Ամփոփելով նշեմ, որ ԲՀԿ-ն բաց է իր ներսում ցանկացած հարց, այդ թվում` Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան