Հայաստանում խնդիրը ընդդիմության միավորումը չէ, այլ ընդդիմություն ստեղծելը

Երևանի ավագանու ընտրությունները հանրապետական նշանակություն ունեն և դրանք այս մեկ տարվա ակտիվ քաղաքական կյանքի ավարտն են լինելու, որից հետո կձևավորվի կառավարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` ավագանու ընտրություններից մասնակցող ոչ մի կուսակցություն այնքան ուժեղ չէ, որ կարողանա մրցակցել ՀՀԿ-ի դեմ: Այն, որ ԲՀԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին, արդեն մեծ խնդիր էր նրա համար: Իսկանդարյանը շեշտեց, որ ԲՀԿ-ը խորհրդարանական ընտրություններին քիչ ձայն էր հավաքել և հիմա էլ նրանից մեծ տոկոսներ սպասել ճիշտ չէ:
Ինչ վերաբերում է ”Բարև Երևանին”, ապա քաղաքագետն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում 43 տոկոս ձայն հավաքեց, սակայն դա բավական չէ, բացի այդ ընտրություններից հետո նա կորցնում է վարկանիշը: ՀԱԿԿ-ը ևս, ըստ քաղաքագետի` հավանաբար կկարողանա անցնել Երևանի քաղաքապետարան, սակայն լուրջ տոկոսներ նրանից ևս պետք չէ ակնկալել:
Իսկանդարյանը շեշտեց, որ ընդդիմությունը նաև ընտրություններից հետո չի կարող միավորվել, քանի որ նրանց հիմնական մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ հենց իրենք: ”Իհարկե, ընդդիմություն մեր երկրում, կա, ես կասեի կան ընդդիմություններ, միշտ էլ այդպես է եղել, և խոսակցությունները, որ նրանք կմիավորվեն, խեղճերի համար են:
Իրենց հիմնական մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ ՀԱԿ-ի հիմնական մրցակիցը ՛՛Ժառանգությունն” է և հակառակը, և պատկերացնել, որ նրանք կմիավորվեն, դժվար է: Հայաստանում խնդիրը ընդդիմության միավորումը չէ, այլ այն ստեղծելը, այն շատ թույլ է”: