՛՛Քոչարյանը մասնակցեց և վերջ՛՛
_1366627254.jpg)
՛՛Այս քսան տարիները ցույց են տալիս, որ ընդդիմությանը հակացուցված է կիսել իշխանությունն այս վարչախմբի հետ. այդ քաղաքական գործիչը, ով էլ լինի, կորցնում է իր հեղինակությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` վերլուծելով հետընտրական շարժման զարգացման հնարավորությունը:
Նա նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության մաս կազմի, կկորցնի իր ընտրազանգվածը և դրական ընկալումը: Հովհաննիսյանը կարծում է, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը ոչ թե ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ձայներն է ստացել, այլ իր, քանի որ նա երբևէ ընդգրկված չի եղել իշխանության կազմում:
՛՛ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ձայները չէին, ԲՀԿ-ը Ռոբերտ Քոչարյանի կուսակցություն է ընկալվում, ԲՀԿ-ը նախագահի երդմնակալությանը չի մասնակցել, որովհետև Քոչարյանը մասնակցում էր և վերջ՛՛,-ասաց քաղաքագետը` հավելելով. ՛՛Րաֆֆին իշխանությունից դուրս է, դրա համար էլ նրան ձայն տվեցին, համաձայն չեմ, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածից են ձայն տվել՛՛:
Քաղաքագետը ընդգծեց, եթե ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանի, ապա երկրում ոչ թե իշխանափոխություն կլինի, այլ երկիշխանություն, որը պետության համար անցանկալի աղետ է:
Հովհաննիսյանը վստահ է, որ ընդդիմությունը նաև հետընտրական շրջանում չի կարող միավորվել, որովհետև իսկապես լուրջ գաղափարական հենք է պետք, իսկ սա ձեռնտու է նաև իշխանությանը: Քաղաքագետը հավելեց, որ ընդդիմադիրների շրջանում պայքարը ընթանալու է երկու խմբավորումների միջև՝ ՀԱԿԿ-ԲՀԿ, ՛՛Ժառանգություն՛՛-ՀՅԴ: