Դաշնակցությունը հզորացնելու է շարժումը /վիդեո/
Ելույթ ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական համաժողովում Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց նպատակը համաժողովրդական շարժումն հզորացնելն է:
“Կան խութեր ճանապարհին եւ ես համաձայն եմ Րաֆֆու այն մտքի հետ, որ յոթ անգամ պետք է չափել եւ մեկ անգամ կտրել”,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը` նշելով, որ չպետք է թույլ տալ գործող իշխանությունը սերտաճվի պետության հետ:
Ինչ վերաբերում է մարտավարաությանը, ապա ՀՅԴ-ն դեմ է արյուն թափելուն, եւ պատգամավորի խոսքին պետք է ժողովրդին տրամադրել տեւական պայքարի: “Ժողովուրդը պետք է տեր կանգնի իշխանությանը: Այն ինչ գրվել է Սահմանադրության մեջ` մնացել է թղթի վրա: Ժողովրդով պիտի տիրանանք իշխանությանը, որպեսզի ծառայի ժողովրդին”,-ասաց Ռուստամյանը:
Նա առաջարկեց հասնել դրան հանգրվանային հստակ ճանապարհով` չսպասելով եւս 5 տարի: Իսկ այդ ճանապարհը երկուսն են: Ա. Ռուստամյանի խոսքով, պատճառների պատճառը պետք է վերացվի, փոխվի համակարգը:”Հրաժարվել նախագահական համակարգից եւ իշխանությունը մոտեցնել ժողովրդին եւ ստեղծել խորհրդարանական պետություն”,-ասաց նա:
Ըստ պատգամավորի, ընտրություններում հաղթած երկրորդ ուժը պետք է վերահսկի եւ հակակշռի իշխանությանը: “Ուրեմն լծակներ է պետք, կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարը չի կարող լինել վարչապետը”,-ասաց Ա. Ռուստամյանը:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Չնայած բոլորը գնացին առանձին-առանձին, բայց Ռուստամյանի ոխսքով, ամեն ինչ կորած չէ: “Եկեք փոխենք քաղաքապետին, ընդդիմադիր քաղաքապետն արդեն այս երկրում շատ բան կփոխի”,-ասաց Ռուստամյանը` չբացահայտելով այլ դետալներ: