Ազատության հրապարակից` հյուրանոց

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` ապրիլի 19-ին քաղաքացիական ժողով է հրավիրել: Հանդիպումը տեղի է ունենալու ոչ թե ”Ազատության” հրապարակում, որտեղ հետընտրական քաղաքական ֆորումներ էին կազմակերպվում ու հանրահավաքներ անցկացվում, այլ “Անի պլազայ” հյուրանոցի դահլիճում:
Henaran.am-ի հարցին` ինչու է շարժումը հրապարակային ձեւաչափից տեղափոխվում դահլիճային հանդիպման, ”Ժառանգական” Ստեփան Սաֆարյանն ասաց.
”Քննարկում է տեղի ուեննալու: Սա հարթակ չէ, որտեղից ուղերձ հղենք ժողովրդին, սա մարդկանց ոգևորելու տեղ չէ: Վերջին հաշվով փաստաթուղթ է մշակվելու, լուրջ քննարկումներ են գնալու, փորձագիտական կարծիքներ ու տեսակետներ են հնչելու, որը, բնականաբար, ավելի նպատակահարմար է անցկացնել դահլիճում”:
Սաֆարյանը հայտնեց, որ ներկա են լինելու “շատ-շատ մարդիկ, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում ”Բարև Երևան” դաշինքի ցուցակում ընդգրկված քաղաքական ուժերը”: Հավանաբար հանդիպմանը կմասնակցի նաև ՀՅԴ ԳՄ անդամ, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ը ներկա կլինե՞ն այս քննարկմանը: “Ժառանգության” գրասենյակից Henaran.am-ին տեղեկացրին, որ ոչ մեկին մասնավոր հրավեր չի արվել` “մուտքն ազատ է, և Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս հավաքը բաց է բոլորի համար”: Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն ասել էր, որ պետք է գոնե հեռախոսազանգով հրավիրել, ասացին, որ ոչ մեկին ընդհանրապես ոչ զանգով, ոչ մի այլ միջոցով հրավեր չի արվել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս հայտարարել էր, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ հանդիպում է լինելու և կարող են գնալ ու միասնական բռունցք կազմել, սակայն չգիտեն, թե որն է լինելու Հովհաննիսյանի հաջորդ քայլը, ով մշտապես միայնակ է որոշումներ ընդունում, և նույնիսկ իր կուսակիցները տեղյակ չեն լինում այդ մասին:
”Չգիտե՞ն, որ ընտրություն է կեղծվել, չգիտե՞ն, որ հետընտրական զարգացումներ են, չգիտե՞ն, որ ժողովուրդը պահանջում է իրեն վերադարձնել իր իշխանությունը”:
”Սուրճի բաժակ նայելով չի, քննարկվելու է հենց դա”,-ՀԱԿԿ փոխնախագահին արձագանքեց Սաֆարյանը: Հաշվի կառնե՞ն ՀԱԿ-ի կարծիքը, ում հետ իրենց “ջրերը մի առվով չեն հոսում”.
”Ով որ ողջամիտ բան ասի, անպայման կարծիքը հաշվի կառնվի: Եթե ասելիք չկա, դա արդեն ուրիշ բան”: