22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ սպանեց գյուղապետին. պռոշյանցիները հերքում են, ոստիկանությունը՝ հաստատում /լրացված/

Ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանի Պռոշյան գյուղի մոտ 70 բնակիչ այս պահին Վերաքննիչ դատարանի շենքի առաջ ակցիա են կազմակերպել:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, նրանք պահանջում են փոխել Արայիկի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել: Պռոշյացիները չեն հավատում, որ այդ երիտասարդը կարող էր մարդ սպանել: Արայիկ Պետորսյանի կինը լրագրողներին պատմել է, որ սպանության օրը, առավոտյան` ամուսնու հետ բանկում են եղել: “Նույնիսկ կարող եմ չեկերը բերել ցույց տալ, որ գործարք ենք արել”,-ասաց կինը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Դատական նիստը սկսվելու է ժամը 16-ին:

Ի դեպ, Հայաստանի ոստիկանությունը տարածել է տեղեկություն, ըստ որի, ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված՝ նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ եւ ձախ թեւքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Քիչ առաջ մեր թղթակիցը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը խափանման միջոցը չփոխեց. Արայիկ Պետորսյանի կալանավորումը մնաց ուժի մեջ: Նրա փաստաբան Կիվի Հովհաննիսյանն ասաց, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան, հասնելու են նույնիսկ Եվրադատարան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ