24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիշել, հիշեցնել եւ պահանջել. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ուղենիշերը

Համայն աշխարհի հայ համայնքները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականի ապրիլի 24-ին, համակարգելով իրենց ոգեկոչման ծրագրերը տեղական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Երկու տարի առաջ Հայաստանում ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողով, որի կազմի մեջ մտան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ղեկավարները, կրոնական առաջնորդները եւ սփյուռքի քաղաքական, բարեսիրական ու մշակութային գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղական հանձնախմբեր ձեւավորվեցին զանազան երկրներում: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայոց ցեղասպանության հանձնախմբի միջազգային փորձագետներն անցյալ ամիս հավաքվել էին Երեւանում՝ հատուկ ծրագրեր մշակելու, որոնք պետք է ներկայացվեն Ցեղասպանության հարյուրամյակի համահայկական հանձնաժողովի մայիսի 30-ի ժողովում:

Ապրիլի 6-ին, Միջին Արեւելքի ութ երկրների (Կիպրոս, Եգիպտոս, Իրաք, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Իրան՝ ներկայացված Թեհրանի, Սպահանի եւ Թավրիզի հանձնախմբերով) Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերը հավաքվեցին Բեյրութում, տարածաշրջանային մակարդակում իրենց միջոցառումները համակարգելու համար: Խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախագահում էր խորհրդաժողովում եւ հանդես եկավ դիպուկ ելույթով՝ ուրվագծելով այն սկզբունքները, որոնցով պիտի առաջնորդվեն տարածաշրջանային հանձնախմբերը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին նախապատրաստվելիս: Արամ Վեհափառը նպատակները ձեւակերպեց հետեւյալ երեք հիմնական բառերով. “ՀԻՇԵԼ, ՀԻՇԵՑՆԵԼ ԵՎ ՊԱՀԱՆՋԵԼ”:

Շարունակելով իր խոսքը՝ Վեհափառ հայրապետը բացատրեց. “Հարյուր տարի շեշտը դրեցինք Ցեղասպանությունը հիշելու վրա: Մոմեր վառեցինք, ոգեկոչման երեկոներ կազմակերպեցինք եւ գրքեր տպեցինք: Այս բոլորը կարեւոր են, որպեսզի մեր նոր սերունդները մեր նահատակների նվիրական կտակով եւ ոգիներով թրծվեն: Սակայն միայն այս կետերի վրա չպիտի կենտրոնանանք: Հարյուր տարի հիշեցրինք մարդկանց՝ ցույցեր կազմակերպելով, լոբբինգի աշխատանքներ կատարելով եւ մեր ձայնը լսելի դարձնելով: Մեր նպատակն է նույնը շարունակել այլ մոտեցումներով: Սակայն, անհրաժեշտ է շեշտը դնել պահանջատիրության եւ հատուցման վրա”:

Վեհափառը ներկաներին հիշեցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ անցյալ տարի կազմակերպված “Ճանաչումից հատուցում” թեմայով միջազգային համագումարի մասին՝ միջազգային իրավագետների մասնակցությամբ. “Այսօր մենք մասնագետ իրավագետների պահանջ ունենք, որպեսզի միջազգային ատյաններում մեր Դատը կարողանանք ճիշտ ձեւով ներկայացնել, պաշտպանել եւ հետապնդել”, ասաց Կաթողիկոսը:

Շարունակելով իր խոսքը՝ Արամ Առաջինը խորհուրդ տվեց աշխատանքի բաժանում կատարել Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ. “Մենք պետք է միասնական ճիգով աշխատենք: Մեր մոտեցումներն ու շեշտադրումները կարող են տարբերվել իրարից. երբեմն պե՛տք է տարբեր լինեն: Չմոռանանք, որ Հայաստանը պետություն է, իսկ Սփյուռքը՝ սփյուռք: Պետությունը սփյուռքի եւ սփյուռքը պետության լեզվով չպիտի խոսեն: Յուրաքանչյուրն իր հատուկ ասելիքն ու անելիքն ունի: Սակայն, տարբեր մոտեցումների միջեւ պետք է լինեն ներքին ներդաշնակություն եւ համադրում: Այլ խոսքով, պետք է միակամ ծրագրենք ու գործենք՝ ամուր կառչած մնալով պահանջատիրությանը”:

Այնուհետեւ Կաթողիկոսը կոչ արեց Հարյուրամյակի աշխատանքների շրջանակներում  ընդգրկել Աֆրիկայի, Հեռավոր Արեւելքի եւ Հարավային Ամերիկայի տարածաշրջանները: Անդրադառնալով Միջին Արեւելքին, Արամ Առաջին կաթողիկոսն ուշադրություն դարձրեց երեք կարեւոր կետերի վրա.

1. Իսլամական աշխարհում Հայ դատի հետապնդումն այլ մոտեցում է պահանջում, քանի որ Թուրքիան մահմեդական պետություն է:

2. Տարածաշրջանում Թուրքիայի հետզհետե հզորացող եւ ներթափանցող ազդեցությունը լուրջ հիմնախնդիր է. “Տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում, միշտ հիշեցնում եմ նրանց՝ ասելով . “Թուրքիայի առջեւ ձեր դռները շատ լայն եք բացել: Կգա այն օրը, երբ դուք կհասկանաք ձեր սխալը: Թուրքիան տարբեր դիմակներ է գործածում”: Հետեւաբար, մենք պետք է արթուն լինենք, քանզի ցեղասպանը մոտիկից հետեւում է մեր քայլերին: Մենք չպիտի նահանջենք եւ չպիտի թուլանանք Թուրքիայի միջամտություններից”:

3. Ցեղասպանությունն անցյալին պատկանող դեպք չէ: Սփյուռքը Ցեղասպանության հետեւանքն է, եւ որոշ իմաստով, Ցեղասպանությունը դեռ շարունակվում է:

Իր եզրափակիչ խոսքում Արամ Առաջին կաթողիկոսը Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հայկական ջանքերը  բաժանեց երեք հարթությունների. պատմական, քաղաքական եւ իրավական: “Ժամանակը հասել է, որ առանց անտեսելու առաջին երկուսը, հատուկ առաջնահերթություն տանք իրավական կողմին: Այս առումով, հսկայածավալ աշխատանք ունենք անելու”,-ասաց նա:

Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համահայկական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, նույնպես ելույթ ունենալով Բեյրութում կայացած տարածաշրջանային խորհրդաժողովում, նշեց. “Մենք գիտենք, որ չենք կարող վերացնել Հայոց ցեղասպանության որոշ հետեւանքները, ինչպես՝ զոհերն ու ավերված եկեղեցիները, այնուամենայնիվ, գլխավոր հետեւանքը հողի կորուստն է”:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ