CNN-ը Հայաստանը դասել է լավագույն գինեգործական ուղղությունների շարքում
Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ:
Գինու արժևորումը բարձր մակարդակի վրա է և հանգեցրել է գինեգործական երթուղիների առաջացմանն այն բանից հետո, ինչ Գերմանիան 1935 թվականին բացել է իր սեփական Վայնշտրասեն (Գինու երթուղին):
Այսօր գինեգործական երթուղիներն ու տուրերը ավելի հիասքանչ են, քան երբևէ` կարևորից (Բորդո) և գեղարվեստականից (Քեյփ Թաուն) մինչև պատմականն (Հայաստան) ու անսպասելին (Բրազիլիա)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`գրում է պարբերականը` ներկայացնելով 15 լավագույն գինեգործական երթուղիները:
Ավստրալիայից, ԱՄՆ-ի Կալիֆորնիայից, Պորտուգալիայից, Հարավային Աֆրիկայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չիլիից, Կանադայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից հետո պարբերականն անցում է կատարում դեպի Հայաստան`Վայոց ձոր:
«Համաձայն Աստվածաշնչի` Հայաստանն աշխարհում գինու արտադրության առաջին տարածաշրջանն է, քանի որ այն Արարատ լեռան լանջերին է, որտեղ Նոյը ջրհեղեղից հետո տնկեց առաջին որթը:
Հնագետները համաձայնում են, որ ոչ վաղ անցյալում այստեղ հայտնաբերվել է 6100 տարվա հնության գինեգործարան:
Տեղական Արենիի բազմազանությունը դարեր շարունակ մնացել է անփոփոխ` շնորհիվ բարձր դիմացկունության: Վայոց ձորն այն տարածաշրջանն է, որտեղ գինու արարմանը նպաստում է տարեկան 300 արևոտ օրը:
Ամենաշատ կազմակերպվող տուրերն արվում են այն տարածքներում, որտեղ կա աննման կարմիր Areni Noir-ը, որն էլ 2012 թվականին Հայաստանը դրեց միջազգային գինեգործական քարտեզի վրա»,- նշում է CNN-ը: