ՌԴ տրանսպորտի նախարարը հանդիպեց Սերժ Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Նախագահին ներկայացրել են այսօր տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովն իր արդյունավետ աշխատանքով կշարունակի նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացմանը, տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ու երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդմանը: Նախագահը բարձր է գնահատել միջկառավարական հանձնաժողովի դերը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի բնագավառներում, ինչպես նաեւ գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության ոլորտներում բարձր պայմանավորվածությունների իրականացման գործում: