Չեխիան, ինչպես եւ ԵՄ մյուս անդամները, աջակցում է համանախագահների ջանքերին. Է. Նալբանդյան

Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում չեխական “MF DNES” թերթը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե ինչպես կարող է Չեխիան օգնել Հայաստանին հարեւանի հետ բարդ հարաբերություններում:
“Չեխիան լինելով Եվրամիության անդամ, ինչպես եւ Եվրամիությունը ու Եվրամիության մյուս անդամները, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ դրա մասին բազմիցս հայտարարություններ են արվել թե Չեխիայի կողմից թե Եվրոպական Միության կողմից”,-նշեց Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ Պրահայում հանդիպումներ են տեղի ունեցել՝ նաեւ ամենաբարձր մակարդակով, որոնք ուղղված են եղել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Նա ընդգծեց, որ Պրահայում հանդիպում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ եռանախագահերի միջեւ, որն ուղղված էր հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: “Մենք միշտ բարձր ենք գնահատում Չեխիայի հավասարակշիռ մոտեցումը առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պիտի լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով”, -եզրափակեց արտգործնախարարի պաշտոնակատարը: