Գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել. Համբուրգում բուժվող Արմանը մեր կարիքն ունի /ֆոտո/վիդեո/
Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանին հարկավոր է մեր օգնությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ծնողները նրան տեղափոխել էին Գերմանիա։
«Համբուրգի կլինիկայում գտնվող 19 ամյա Արմանը մի տեսակ կոտրված է: Նա հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել: Արմանը նշում է, որ ինքը հպարտ է, որ հայ է: Երբեք չի ափսոսում, որ ծառայել է հայրենիքին: Հիմա էլ առողջանալու դեպքում հնարավորինս կծառայի իր ազգին: Նա միայն ապաքինվել է ուզում: Ինչը հնարավոր է, բայց բավականին թանկ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համբուրգում գտնվող «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ Սրապիոն Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով՝ Արման Լազգիյանի լիովին ապաքինման համար 400 հազար եվրո է անհրաժեշտ:
«Գերմանաբնակ ըմբշամարիտիկ Խորեն Կասրյանը նախաձեռնող խումբ է ստեղծել, որի միջոցով փորձ է արվում տեղի հայ համայնքի ուշադրությունը սևեռել Արմանի վրա: Երգիչ Ներսիկ Իսպիրյանը իր ներդրումը ունեցավ և շարունակում է ունենալ: Գերմանիայում կազմակերպված համերգների հասույթը, որը շուրջ 2 800 եվրո է՝տրամադրվեց վիրավոր զինծառայողի բուժմանը: Համերգի ընթացքում Ներսիկ Իսպիրյանը կոչ հնչեցրեց՝ լինել զինվորի կողքին,քանի որ հայ ժողովրդի հույսն ու ապավենը հայ քաջերն են»,-նշեց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը վիրավորվել է Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում: Ծանր վիրավորված զինծառայողն ունի ողնաշարի, որովայնի ու կերակրափողի հետ կապված խնդիրներ:
Իր հարցազրույցներում զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը ավելի վաղ ներկայացրել էր, որ «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»:
Ապրիլի 7-ին՝ վիրավորվելու օրը, նրան տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ապրիլի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երևան: