29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն

Հունիսի 16-ին մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն:

Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում:

Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Նախարարը ներկայացրեց նաև Արցախում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը և ազատ ու ժողովրդավարական հասարակության ձևավորման ուղղությամբ Արցախի ժողովրդի և իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

Նույն օրն արտգործնախարար Կարեն Միրզոյանը մասնակցեց Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպած ընդունելությանը:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով կարևորեց բարեկամ Դանիայում առաջին անգամ Արցախին նվիրված միջոցառման անցկացումը: Դեսպանը նշեց, որ Արցախի անկախացումը խարսխված է ազատության հասնելու, սեփական կյանքն առանց բռնաճնշման տնօրինելու և դարերի մշակույթն ու ինքնությունը պահելու հայի աներկբա ձգտման վրա:

Նախարար Կարեն Միրզոյանն իր խոսքում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անցած ուղին՝ նշելով, որ Արցախի ձեռքբերումները անհնարին կլինեին առանց Հայաստանի և աշխարհասփյուռ հայության շարունակական օժանդակության: Նա շեշտեց, որ այսօր Արցախի կողքին են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև՝ բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում և՝ Դանիայում, որոնք արցախցիների հետ կիսում են նույն արժեքները և գաղափարները՝ հիմնված ժողովրդավարական ազատությունների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հրամայականի վրա: Կարեն Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ անկախ պետականաշինության ճանապարհին արցախցիների գրանցած հաջողություններն աննկատ չեն մնում, և վաղ թե՝ ուշ, Արցախը դառնալու է քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ:

Նա կոչ արեց՝ աշխատել հանուն խաղաղ և կայուն հարավ-կովկասյան տարածաշրջանի տեսլականի, որը հավասարապես կապահովի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը:

Ընդունելությանն իր մասնակցությունը բերեց դանիական Վոքս Վիվա արական երգչախումբը, որը 2015թ. համերգներով հանդես էր եկել ԼՂՀ-ում: Երգչախումբը կատարեց հայ և դանիացի երգահանների ստեղծագործությունները: Ելույթի ավարտին՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մետտե Ռիմերը կիսվեց Արցախ կատարած ուղևորությունից ստացած տպավորություններով, շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ անհամբեր սպասում են Դանիայում Արցախից երգչախումբ հյուրընկալելու հնարավորությանը:

Ընդունելությանը ներկա գտնվեցին դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ և Դանիայի հայ համայնքի անդամներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ