Ղարաբաղցիներին հիշեցնում են. 168 Ժամ
Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ
-Պարոն Դուբնով, այն բանից հետո, երբ Գերմանիայում Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը գլխավոր դերակատարություն շնորհեցին Ռուսաստանին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ ԱԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց տվեց և խոսեց շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության մասին ըստ էության, հերթական նախագահական հանդիպումից առաջ: Ի՞նչ է, ըստ Ձեզ, Ենթադրվում շրջանակային համաձայնագրի ներքո:
-Շրջանակային համաձայնագիրն արդեն «100 տարեկան է», երևի թե այն արտահայտված է Մադրիդյան սկզբունքներում, բավականին վաղուց, հիանալի շրջանակային համաձայնագիր, որը դեռևս չի հեռացել բանակցային սեղանից:
Շրջանակային է կոչվում, քանի որ այն իբրև թե կա, ինչը ժամանակ առ ժամանակ թվում է, թե այդպես չէ, կարելի է մշտապես այս փաստաթղթի հետ հաշվի նստել, և որևէ մեկը երբեք չի պահանջի դրա հստակեցում և կատարում: Շրջանակային համաձայնագիրը երկխոսության միայն սկիզբն է:
Բանաձևը մեկն է տարածքների վերադարձ խաղաղության դիմաց՝ որոշակի նրբություններով, հենց սա է շրջանակային համաձայնագիրը, բայց դրանում կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվելը բարդ է: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ ապրիլին, իրավիճակը բարդ է, քան նախկինում, կողմերն ակտիվ իմիտացնում են պատերազմի վերսկսման վտանգ: Կցանկանայի մտածել, որ չկա նման վտանգ:
-Ինչո՞ւ են թարմացվում Մոսկվայի գլխավորի դերակատարության մասին խոսակցությունները Մերկելի և Ալիևի կողմից հերթական հանդիպումից առաջ, երբ նախորդ հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան զիջում է իր դիրքերը:
-Ադրբեջանը ձգտում է հերթական անգամ իր համակրանքը հայտնել Մոսկվային հերթական հանդիպումից առաջ, ինչը բնական է, իսկ Մերկելն այլ խնդիր է լուծում խորացնում է իր դերը Մինսկի խմբում, Գերմանիան ցանկանում է զբաղվել կարգավորմամբ և ներկայումս Գերմանիան փոքրիկ կոմպլիմենտ է անում Մոսկվային և խրախուսում է Մոսկվային այն բանի համար, որ Մոսկվան չի ակտիվացնում իր դերակատարությունը ԼՂ հակամարտությունում այնպես, ինչպես բոլորը վախենում էին: Կարծում եմ սա խրախուսման նշան է: Մյուս կողմից ինչո՞ւ կոմպլիմենտ չանել այն կողմին, որը փորձում է ակտիվություն մտցնել այս գործընթացում:
-Այս մթնոլորտում հունիսյան հանդիպումից ի՞նչ պետք է սպասել, ու ո՞ր դեպքում այն կարելի է համարել հաջողված:
-Հանդիպումները հաջողված կարելի է համարել միայն տարիներ անց: Իսկ հունիսին թող հանդիպեն նախագահները, ավելի լավ է հանդիպեն, քան չհանդիպեն: Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, նախագահների հանդիպումները չեն բացառում պատերազմի վտանգը, բայց երբ նախագահները հանդիպում են, պատերազմի հավանականությունը նվազում է: Ուստի կողմ եմ նախագահների հանդիպմանը, բայց լուրջ որոշումներ չեմ ակնկալում, որովհետև իրավիճակը բարդացել է ապրիլյան պատերազմից հետո:
-Պարոն Դուբնով, անկայունություն է առաջացրել ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձն Արցախ: Ըստ Ձեզ, հաշվի առնելով նրա քննադատական հրապարակային ելույթները, պահանջները`նրան ՊՆ նշանակելու վերաբերյալ, խոսակցությունները’ նրա և ՀՀ երկրորդ նախագահի կապի մասին, ինչո՞ւ է նա վերադարձել, դրանում կա՞ քաղաքական նպատակ:
-Եթե անկեղծ, ես դեռ լավ չեմ հասկանում: Դեռ պատրաստ չեմ առաջնայինն ու երկրորդայինն առանձնացնելուն: Նրա վերադարձն անկայունության պատճա՞ռ է, թե՞ այդ անկայունությունն ավելի է խորանալու նրա վերադարձով: Կարծում եմ և մեկը, և մյուսը: Իմ համոզմամբ այդ վեկտորները համընկել են, և քաղաքական տեսանկյունից գուցեև համընկել են Քոչարյանի և Բաբայանի ձգտումները, բայց նրանց երկար միությանը ես չեմ հավատում, քանի որ նրանց հարաբերությունները բավականին բարդ պատմություն են ունեցել: Բայց ներկայումս իրավիճակային իմաստով կարող են համագործակցել: Քոչարյանի ռեսուրսը, թվում է, որ սահմանափակ է:
Ուստի Բաբայանը կարող է որոշակիորեն բազմազանություն մտցնել քաղաքական խաղերի մեջ, իսկ Սամվել Բաբայանի համար վերադարձը Ղարաբաղ վերադարձ է քաղաքականության, որին նա կարոտել է: Ղարաբաղում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շատ բացասական երևույթներ նախկինից մոռացվել են, իսկ հասարակության համար նա հերոս է, այդ հերոսը հայտնվել է, ով կարող է հիշեցնել այն բոլոր թերությունների մասին, որոնք ղարաբաղցիները գիտեն իրենց պատերազմի վերաբերյալ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: