08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԲԸՄ-ն նախաձեռնում է նոր երկարաժամկետ ծրագիր ԼՂՀ-ում

2012-ի հոկտեմբերին, Հայաստանում գումարված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ Ընդհանուր ժողովի օրերին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հայտարարել էին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀԲԸՄ-ի կողմից իրագործելի կրթական եւ մշակութային մի նախաձեռնության մասին:

Այսօր արդեն աշխատանքներ են տարվում ՀԲԸՄ-ի Ստեփանակերտի մշակութային, կրթական եւ արվեստի կենտրոնի՝ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման ուղղությամբ: Այս բազմակողմանի ու աշխույժ նախաձեռնությունը ուսումնականորեն նորարար հնարավորություններ է ընձեռելու ԼՂՀ քաղաքային թե գյուղական համայնքներում:

Կենտրոնն սպասարկելու է բոլոր տարիքային խմբերի ուսանողներին, Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության պաշտոնյաներին եւ այլ անձանց, նրանց առաջարկելով անգլերենի կատարելագործման, ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների նախապատրաստման, ինչպես նաեւ ստեղծարար տեխնոլոգիաների (անիմացիա, վիդեո խաղ դիզայն, վեբ զարգացում եւ այլ տեխնոլոգիաներ) դասընթացներ: Բացի այդ, կենտրոնն առաջարկելու է նաեւ երաժշտության, կառավարման եւ զբոսաշրջության զարգացման դասընթացներ:   

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. ՙՀԲԸ Միությունը գոհունակությամբ է հայտարարում Լեռնային Ղարաբաղում նոր ծրագրի մասին: Մենք համոզված ենք, որ որեւէ ազգի զարգացման հիմնական գործոնները կրթությունն ու մշակույթն են: ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրը դառնալու է ուսումնական գործունեության կենսունակ մի կենտրոն, որը նոր հնարավորություններ է տալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր խավերին՚:

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր հերթին բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում կրթությանը առաջնահերթություն տալու ՀԲԸՄ-ի նախաձենռությունը:

Իրագործելու համար այս հանդուգն նախաձեռնությունը, ՀԲԸՄ-ն փետրվարին համաձայնագիր ստորագրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որով համալսարանն իր Extension Program կրթական հատուկ ծրագրի միջոցով զարգացնելու է Շարունակական դասընթացների (Continuing Education Program CEP) ծրագիրը: Այս ծրագիրը ժամանակավորապես գործելու է Ստեփանակերտում, մինչեւ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի կառուցումը, որն ակնկալվում է, որ կսպասարկի մի քանի հարյուր ուսանողի: ՀԱՀ-ի Շարունակական դասընթացների ծրագրի իրագործմանն աջակցելու համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հանձն է առել տրամադրել 575 հազար ԱՄՆ դոլար:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ