Ո՞վ է կանգնած մուրացկան երեխաների հետևում

« Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել: Երևանում գրանցվել է 17 դեպք»,-այսօր հրավիրված ասուլիսաին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Բանախոսը նշեց, որ բավական մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և համատեղ աշխատանքի արդյունքում այսօր մուրացիկության ցուցանիշը նվազել է:
Նելլի Դուրյանի խոսքով, մուրացկանության դեպքեր հանդիպել են նաև Լոռու, Շիրակի մարզերում, գրեթե չկան Վայոց ձորում:
«Եթե երեխան այնպիսի իրավիճակում է հայտնվում, որ գնում է փող մուրալու, ապա անմիջապես իրենց ուժերով, իրենց համայնքում կարողանում են խնդիրը լուծել: Այստեղ ես շատ կարևորում եմ համայնքի ուշադրությունը»,-նկատեց Նելլի Դուրյանը:
«Որքան սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք, բայց երեխան մուրացկանությամբ չի զբաղվում: Այստեղ ծնողի դերն է շատ կարևոր: Մեր հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում փող մուրալու: Այստեղ մեր գործն ավելի է բարդանում, որովհետև ծնողը մեր կողքին չէ»,-ընդգծեց Նելլի Դուրյանը: