25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաց նամակ Արմեն Աշոտյանին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդից

Բաց նամակ

Արձագանքելով ՀՀ գիտական աստիճանակարգի շնորհման կարգի վերաբերյալ վերջերս հանրայնացված բաց նամակին (տես՝ http://168.am/2013/03/17/197155.html)՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդը քննարկել է նշված առաջարկություններում հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչների տեսակետները՝ դրանք առաջարկների տեսքով քննարկման մեջ ներառելու նպատակով:

Մենք գնահատում ենք արված նախաձեռնությունը, սակայն առարկություններ ունենք 10-րդ կետի’ թեկնածուական պաշտպանությունների համար նշված երկու առաջարկությունների կապակցությամբ. “Հանել առանց համահեղինակների հոդվածի առկայության պահանջը և ավելացնել “Web of Knowledge” և “Scopus” շտեմարաններում հաշվառված և/կամ ազդեցության գործակից (impact factor) ունեցող պարբերականներում առնվազն 1 հոդված ունենալու պահանջը թեկնածուական պաշտպանությունների դեպքում”:

Սույն նամակով ներկայացում ենք մեր առարկություններն ու մտահոգությունները, ինչպես նաև մեր այլընտրանքային առաջարկությունները, որոնց իրականացման դեպքում կարող ենք ակնկալել հայաստանյան գիտության որակի էական բարելավում: Մեր առարկություններն ու մտահոգությունները վերաբերում են հիմնականում երկու խումբ հարցերի.

1. Հումանիտար և հասարակական ու բնական գիտությունների նկատմամբ տարբերակված մոտեցման անհրաժեշտության գիտակցումն ու որևէ որոշում կայացնելուց առաջ այս երկու ճյուղերի առանձնահատկություններից բխող փաստարկների մասնագիտական և հանրային քննարկման կազմակերպումը:

2. ՀՀ գիտական աստիճանակարգի շնորհման չափանիշների փոփոխությունների համար ընտրել ոչ թե արմատական և կտրուկ որոշումներ, այլ աստիճանական (փուլային) տարբերակներ՝ հաշվի առնելով պարտադրվող պահանջներին համապատասխանելու համար Հայաստանի Հանրապետությունում առկա իրական ռեսուրսները և բարձրագույն կրթության ու գիտության համակարգի այսօրվա հնարավորությունները:

1. Հումանիտար և հասարակագիտական բնագավառի գիտնականների համար ընդունելի չէ առանց համահեղինակ հոդված ունենալու պահանջը հանելը, քանի որ մեր ոլորտն ինքնին ենթադրում է հեղինակային հայացք այս կամ այն խնդրին և ինքնուրույն վերլուծություն:

Կարծում ենք, որ առնվազն մեկ նման հոդվածի առկայությունը պարտադիր է՝ հավաստելու ասպիրանտի այդ կարողությունը: Հասկանում ենք նաև, որ, հավանաբար, այս պահանջի վերացումը բխում է բնագիտական ոլորտի հետազոտական և փորձարարական ուսումնասիրությունների առանձնահատկություններից (առաջարկությունների տեքստի տակ ստորագրություն դրած անուններին ու նրանց ներկայացրած մասնագիտություններին նայելով՝ նկատում ենք բնագիտական ոլորտի ներկայացուցիչների գերակշռություն):

Իրավունք չվերապահելով անդրադառնալ բնական գիտություններին առնչվող պետական կարգավորումներին՝ մեր մտահոգություններն ու հետագա առաջարկությունները կլինեն այն ոլորտների վերաբերյալ, որոնց առնչվում են մեր հետազոտությունները:

Բնական և հումանիտար (նաև հասարակագիտական) գիտությունների միջև մեթոդաբանական, ինչպես նաև արդյունքները գիտական շրջանառության մեջ դնելու, որակի չափմանն առնչվող տարբերություններն ակնհայտ են:

Ավելին` հայագիտության զարգացման հայեցակարգի ընդունումով ՀՀ կառավարությունը որդեգրում է հայագիտության զարգացման պետական խթանումը որպես ներկայիս քաղաքականության գերակա ուղղություն (տես https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/01/qax1-7_1.pdf)): Ուստի այն պետք է արտահայտված լինի գիտության կազմակերպման բոլոր ոլորտներում՝ ներառյալ գիտական աստիճանակարգի շնորհման վերաբերյալ պետական կարգավորումները:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հումանիտար (նաև որոշ հասարակագիտական) ոլորտի ասպիրանտին (PhD ուսանողներին) նման պահանջ՝ այսինքն՝ մինչև թեզի պաշտպանությունը հոդված ունենալ ազդեցության գործակից հաշվառող ամսագրերում, չի ներկայացվում: Ավելին` ամերիկյան ու բրիտանական շատ համալսարաններում արգելվում է որևէ հոդված հրատարակել նախքան թեզի պաշտպանությունը, իսկ թույլ տալու դեպքում համարվում է ցանկալի, բայց ոչ պարտադիր:

Որպես կանոն` նման պահանջներ են դրվում (կամ որպես առավելություն է դիտարկվում) գիտությամբ զբաղվելու պաշտոնական իրավունքն ստացած գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկվողների առաջ:

Հաշվի առնելով միջազգային նման փորձը` անհասկանալի և անհամաչափ ենք համարում Հայաստանում ատենախոսության պաշտպանությունից առաջ կամ դրան զուգահեռ ասպիրանտից նմանատիպ արդյունքներ պահանջելը, այն էլ դա դարձնելով պաշտպանությանը մասնակցելու համար պարտադիր պայման:

10-րդ կետում առաջարկվող պահանջին համապատասխանող շտեմարանները որքան էլ ցանկալի են և գիտության մեջ գիտնականի կատարած աշխատանքների ազդեցությունն են չափում`հանդիսանալով նաև որակի չափանիշ, այնուամենայնիվ, միակ և անհերքելի հեղինակություն չեն կարող համարվել:

Օրինակ` Web of Knowledge (Scopus) շտեմարաններում հաշվառված և/կամ ազդեցության գործակից (impact factor) ունեցող պարբերականներով սահմանափակվելու դեպքում հասարակական գիտությունների տարբեր ճյուղերի համար հեղինակավոր համարվող ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով տպագրվող շատ ամսագրեր արհեստականորեն դուրս են մղվում Հայաստանի գիտական աստիճան հայցող մասնագետների ուշադրությունից՝ այսպիսով պետական քաղաքականությամբ սահմանափակելով համաշխարհային գիտական հարթակները:

Քաղաքական տեսանկյունից նման որոշումը հայագիտության համար կարող է ունենալ մեկ այլ բացասական ազդեցություն, երբ հայաստանյան ամսագրերի ու հայալեզու տեքստերի արժեզրկումը, ըստ էության, կամրագրվի պետականորեն՝ օրենքի ուժով:

Բացի այդ, գիտության զարգացման նպատակով ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպվելն ավելի կարևորելը, քան տեղական տրամասությունները (դիսկուրսներ) զարգացնելու հնարավորություն տվող ամսագրերի և գիտական այլ հարթակների ձևավորումը, չի բխում հայագիտության զարգացման տեսլականից:

Մենք ընդունում ենք, որ գիտությունը համաշխարհային երևույթ է, և հայաստանյան գիտնականները պետք է հնարավորինս ներկայացված լինեն այդ հարթակում, սակայն խնդիրը լուծելու առաջարկվող տարբերակն ավելի շատ թերություններ ունի, քան առավելություններ: Հայաստանյան գիտության և մասնավորապես հայագիտության մեկուսացման դեմ պայքարելու ավելի արդյունավետ միջոց է խրախուսողական և աջակցողական մեխանիզմների կիրառումը:

2. ՀՀ գիտական աստիճանակարգի շնորհման չափանիշների փոփոխությունը պետք է լինի ոչ թե արմատական, այլ աստիճանաբար իրականացվող հետևողական քայլերի միջոցով

Պահանջների խստացումը կամ փոփոխությունը, նույնիսկ այն դեպքում, երբ արդարացված է, պետք է ուղեկցվի դրանց բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների և պայմանների ապահովմամբ: Կարևորագույն երկու ոլորտներում անհրաժեշտ են էական բարելավումներ` գրադարանային ֆոնդ և ասպիրանտներին աշխատանքների ընթացքում նույնանման չափանիշներին համապատասխանող նվազագույն քանակի դասախոսների և ղեկավարների առկայություն:

Այս առումով, նշենք հասարակագիտական ոլորտին առնչվող մի քանի միջազգային ծրագրերի փորձը, որն ուղղված է հետխորհրդային երկրներում կրթության որակի բարելավմանն ու այն միջազգային գիտությանն ինտեգրելուն:

Ծրագրերը փորձում են միջազգային գրախոսվող ամսագրերում հրատարակել արդեն պաշտպանած կամ դասավանդող գիտական անձնակազմի աշխատանքները (հմմտ. CRRC, ASCN, OSI, ևն), նման հետազոտություններն էլ ապահովվում են համապատասխան դրամաշնորհներով՝ ներառյալ մասնագիտական նվազագույն գրականության ձեռքբերումը կամ 3-5-ամսյա հետազոտական աշխատանքն արևմտյան որևէ համալսարանում` գրադարանային հարուստ ցանցերից օգտվելու հնարավորությամբ և մասնագիտական քննարկումներով:

Առաջարկվող արմատական մոտեցումը կարող է երկար տարիներով կանգնեցնել հումանիտար և հասարակական գիտությունների վերարտադրությունը Հայաստանում: Ակնհայտ է, որ հումանիտար և հասարակական գիտական ինստիտուտների ռեսուրսները բավարար չեն նման պահանջ բավարարելու համար, ինչը նշանակում է, որ քանի դեռ համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, ասպիրանտների ճնշող մեծամասնությունը չի կարող բավարարել նշված պահանջը, ինչպես նաև անազնիվ է համակարգի թերությունների վերացման խնդիրները փորձել լուծել միայն ի հաշիվ երիտասարդների:

3. Այլընտրանքային առաջարկություններ հումանիտար և հասարակական գիտությունների արդիականասման համար

Հումանիտար (հասարակագիտական) բնագավառի գիտնականների համար թողնել անփոփոխ համահեղինակով առնվազն մեկ հոդված ունենալու պահանջը: Ի տարբերություն բնագիտական ուղղությունների` հումանիտար և հասարակագիտական ոլորտներում ավելի արժեքավոր են համարվում մենագրությունները, ժողովածուներում տպագրությունները, իսկ գիտական տրամասություններին ծանոթանալու և արդյունքները գիտական քննարկման մեջ փորձարկելու և ներկայացնելու տեսանկյունից կարևորվում է նաև մասնակցությունը գիտաժողովներին:

Ուստի այս գիտությունների պարագայում առաջարկում ենք 10-րդ կետի ներկայացված պահանջի փոխարեն քննարկելի համարել հետևյալ պահանջները՝ ա. միջազգային (արտերկրում) գրախոսվող ամսագրերում և/կամ որևէ խնդրի առնչվող մասնագիտական ժողովածուներում տպագրություն, բ. ատենախոսության դրույթների քննարկում միջազգային (տարածաշրջանային) գիտաժողովներին, սեմինարներին կամ գիտական որևէ այլ ձևաչափով քննարկումներին:

Նշենք նաև, որ այս պահանջները կարելի է դարձնել պարտադիր միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար ստեղծվում են նաև պետական ճանապարհորդական դրամաշնորհներ և աշխատանքների լեզվական խմբագրության հարցում ասպիրանտին աջակցող մեխանիզմներ (հասարակագիտական, հումանիտար ոլորտի օտարալեզու ամսագրերում և ժողովածուներում պահանջվում է լեզվակրի (native speaker) խմբագրում):

Անհրաժեշտ է բուհերում գիտական շարադրանքի (academic writing) դասընթացները պարտադիր դարձնելու պետական պատվեր:

 

 Անհրաժեշտ է հակա-գրագողական (անտիպլագիատ) հայերեն ծրագրի ստեղծումն ու կիրառումը բուհի և մասնագիտական խորհուրդների աշխատանքում: Քանի դեռ այդ ծրագիրը չկա` ատենախոսություններն առցանց պետք է տեղադրել միայն հեղինակի համաձայնության դեպքում:

 

Հայագիտության զարգացման և միջազգայնացմանը նպաստելու համար անհրաժեշտ է հիմնել օտարալեզու, գրախոսվող և Հայաստանում տպվող ամսագրեր կամ նպաստել եղածների ինդեքսավորման գործընթացին (օրինակ, Aramazd. Armenian Journal of Near Eastern Studies):

 

Վերջում շեշտենք, որ նմանատիպ խնդիրների լուծման տարբերակները պետք է որոշել միայն կրթության կառավարման և գիտության կազմակերպման ոլորտի մասնագիտական լուրջ փորձագիտության արդյունքում և գիտության տարբեր (բոլոր) ճյուղերը ներկայացնող հաստատությունների մասնակցությամբ հանրային քննարկումներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ