Տարածքը կհամարվեն հանձնված, եթե լինի գրավոր համաձայնություն. Սենոր Հասրաթյան
ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքյան իր իր հարթակում գրել է.
«2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած առճակատման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից մարտերով հանձնված դիրքերի մասին անընդհատ խոսվում և, դատելով հանրության որոշ շրջանակներում տիրող տրամադրությունից, դեռ կշարունակի խոսվել (այստեղ «խոսել» բառի փոխարեն կարելի է օգտագործել նաև «շահարկել» տերմինը):
Անկասկած է, որ հանձնվածը՝ լինի դիրք, հենակետ, թե ամայի տարածք, առաջինը, ու թերևս, ամենաշատը ցավ ու մտահոգություն է պատճառում նրան, ով եղել է տվյալ իրադարձությունների անմիջական մասնակիցն ու ականատեսը, ով այդ մարտագծում հերոս մարտընկերներ է կորցրել…
Մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր չորս օր ու գիշեր անձնվիրաբար դիմակայել են մինչև ատամները սպառազինված հակառակորդի վայրենաբարո հրոսակախմբերի լայնածավալ հարձակմանը …
Իսկ այդ հարձակումը եղել է շուրջ 200կմ երկարությամբ ձգվող ռազմաճակատի տարբեր հատվածներում, որոնցից միայն երկու ուղղություններում՝ հյուսիսում և հարավում թշնամին հսկայական կորուստների գնով հասել է մասնակի հաջողության…
Գիտակցելով կատարվածի ռազմավարամարտավարական ու հոգեբանական նշանակությունը, այդուհանդերձ, այստեղ առավել մտահոգիչ է կորսված տարածքների շուրջ անընդհատ շրջանառվող զգացմունքային և սիրողական մակարդակի անհիմն մեկնաբանությունները… Մեկնաբանություններ, որոնք որևէ կերպ չեն արտացոլում կատարվածի իրական էությունն ու այն բնորոշիչները, որոնք ենթադրում է ռազմադիվանագիտությունը: Իսկ ռազմադիվանագիտությունը, տվյալ դեպքում ենթադրում է հետևյալը. – տարածքը համարվում է հանձնված, եթե պատերազմի (տվյալ դեպքում՝ առճակատման) ավարտի կամ հրադադարի հաստատման վերաբերյալ առկա է համապատասխան գրավոր համաձայնություն, այսինքն այնպիսին, ինչպիսին կողմերի միջև ստորագրվել է 1994թ. մայիսին և վավերացվել 1995թ. փետրվարին:
Ասվածից հետևում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կյանքի իրավունք ունի միայն այն սահմանը, որը հաստատված է վերոնշյալ համաձայնագրերով, իսկ մնացյալը սոսկ ժամանակի հարց է, այլ ոչ բարձրագոչ հայտարարությունների»: