Մարդու իրավունքները Հայաստանում. միջանկյալ զեկույց
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ներկայացնում է միջանկյալ զեկույց Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:
A – 93.5. Ընդունել խոշտանգման սահմանում, որը լիովին համընկնում է “Խոշտանգումների, և այլ դաժան, անմարդկային, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին” կոնվենցիայի 1-ին հոդվածի համապատասխան սահմանմանը (Չեխիայի Հանրապետություն, Իռլանդիա, Ուրուգվայ).
Չնայած 2010թ. մայիսին կայացած Հայաստանի պարբերական զեկույցի վերաբերյալ քննարկման ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների` ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը[1] դեռևս համապատասխանեցված չէ Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:
Ի տարբերություն Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, այն չի պարունակում այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ հատուկ նպատակ ու հատուկ սուբյեկտ: Չնայած որ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով[2] սահմանումը նախատեսվում է համապատասխանեցնել Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, սակայն նոր նախագծում տրված ձևակերպումը նույնպես ամբողջությամբ չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին:
ՀՀ քրեական օրենսգրքի սահմանման թերությունները հանգեցնում են նրան, որ խոշտանգում կիրառողները մեղադրվում են ոչ թե խոշտանգման (ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդված), այլ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդված), ինչը խոչընդոտում է խնդրի արդյունավետ լուծմանը: Որոշ դեպքերում, խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց համաներման կամ ներման արդյունքում, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության զգացման ամրապնդմանը:
2010թ. ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում` որովայնի շրջանում դանակով հասցված վնասվածքի հետևանքով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է, որ Վահան Խալաֆյանը դանակահարության միջոցով ինքնասպան է եղել:
Դատարանը պարզել է նաև, որ Վ.Խալաֆյանը ծեծի է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի կողմից: Վերջինս մեղավոր է ճանաչվել բռնության գործադրմամբ խոստովանություն կորզելու եղանակով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 309(3) հոդվածի հիման վրա նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Դատարանը գտել է, որ Հարությունյանի գործողությունները Վահան Խալաֆյանին հասցրել են հոգեբանական ծանր վիճակի, ինչն էլ դարձել է վերջինիս ինքնասպանության պատճառ, և նա դանակով երկու անգամ հարվածել է ինքն իրեն` որովայնի շրջանում:
Քրեական հետախուզության այլ ծառայող` Մորիս Հայրապետյանը, ով ներկա է գտնվել Խալաֆյանին ծեծի ենթարկելիս և չի կանխել այդ գործողությունները, Քրեական օրենսգրքի 308(1) հոդվածով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) դատապարտվել է պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով:
2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ՝ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվել է պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվել է:
Արդյունավետ քննություն չիրականացնելը
A – 93.20. Ապահովել բանտերում և ոստիկանության բաժանմունքներում կիրառված խոշտանգումների դեպքերի վերաբերյալ պատշաճ և համակողմանի քննություն (Սլովենիա)։ Ապահովել, որպեսզի խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ հայտարարություններնանմիջապես հետաքննվեն և մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության (Հունաստան)։
A – 93.26. Ապահովել, որ ձերբակալված անձանց նկատմամբ ոստիկանության կամ անվտանգության ուժերի կողմից վատ վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ քննություն իրականացվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն (Կանադա)։ Քննություն իրականացնել ոստիկանության կողմից չարաշահումների դեպքերի վերաբերյալ՝ կանխելու անպատժելիությունը և վերջ դնելու ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի դրսևորմանը (Ադրբեջան):
Ապահովել խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի զոհերի բողոքների գրանցման համակարգ՝ մասնավորապես կալանավայրերում և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար (Չեխիայի Հանրապետություն)։
Խոշտանգումների կիրառման համար անպատժելիությունը Հայաստանում տարիներ շարունակ մտահոգության առարկա է եղել և շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ: 2012թ. մայիսին Խոշտանգումների դեմ պայքարի ՄԱԿ-ի կոմիտեն քննության առավ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը:
Կոմիտեն հայտարարել է, որ լրջորեն մտահոգված է “ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ընթացքում կասկածյալների նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի հաճախակի կիրառման մասին բազմաթիվ և շարունակական գանգատների […] կապակցությամբ”, որոնք հատկապես կիրառվում են քրեական վարույթի ժամանակ ցուցմունք կորզելու համար, խոշտանգումներ կիրառվում են նաև զինվորական անձնակազմի կողմից: Կոմիտեն եզրակացրել է, որ չի իրակացվում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի անհապաղ, անկողմնակալ և արդյունավետ քննություն, չի իրականացվում նաև քրեական հետապնդում, մեղավորներն անպատիժ են մնում, իսկ տուժողների ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում[3]:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ ոստիկանության աշխատակիցները շարունակում են առանց պատշաճ ծանուցման անձանց բերման ենթարկել և չեն հաշվառում բերման ենթարկվածներին օրենքով նախատեսված ժամկետներում, երկարատև ժամանակով ապօրինի ազատազրկում են նրանց և ժամանակին չեն սահմանում այդ անձանց իրավական կարգավիճակը:
Այդպիսով, ոստիկանները գործնականում խոչընդոտում են իրավական երաշխիքների հասանելիությունը, այդ թվում` իրավունքների մասին տեղեկացված լինելու, պաշտպան ունենալու և հարազատներին տեղեկացնելու իրավունքները: Նման պրակտիկան ավելացնում է ոստիկանությունում ազատազրկված անձանց խոշտանգումների և վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկը:
Մարդիկ համատարած խուսափում են հայտնել ոստիկանության կողմից դրսևորվող վատ վերաբերմունքի մասին` վախենալով վրեժխնդրությունից: Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ բողոք ներկայացնելու գործող մեխանիզմը արդյունավետ չէ և գործնականում չի երաշխավորում, որ բողոք ներկայացնողները չեն ենթարկվի ճնշումների և հաշվեհարդարի այդ բողոքը ներկայացնելու համար։
Գործնականում ՀՀ դատարանները սովորաբար ձեռնպահ են մնում վարույթի ընթացքում հնչեցված խոշտանգումների վերաբերյալ գանգատներին ընթացք տալուց: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերի փաստական հանգամանքները լայն հանրության շրջանում առավել մեծ հասարակական արձագանք են ստանում միայն այն դեպքերում, երբ դրանք հանգեցնում են տուժողի մահվան: ՀՀ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն խոշտանգումների ենթարկվելու մասին ոչ մի բողոքի վերաբերյալ:
2012 թվականին լրացավ սպանության վկա Լևոն Գուլյանի մահվան 5-րդ տարելիցը։ նա մահացել է 2007 թվականին` ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ժամանակ: Այս դեպքով գործը հարուցվել է 2007 թվականին` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը), որից հետո քննչական մարմնի կողմից մի քանի անգամ կարճվել է` վերսկսվելով միայն դատարանի հետագա որոշումների հիման վրա:
2012թ. փետրվարի 8-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը չորրորդ անգամ կարճեց Լևոն Գուլյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը` չիրականացնելով արդյունավետ և բազմակողմանի քննություն` խախտելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Մինչ օրս Լևոն Գուլյանի մահվան համար որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նրա ընտանիքը չի ստացել որևէ փոխհատուցում:
Ավելին, բացի վերոնշված խնդիրներից, խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ քննության արդյունավետությունը տուժում է նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված երաշխիքների անարդյունավետության պատճառով: Օրինակ, դատախազությունը միևնույն գործով երեք տարբեր լիազորություն է իրականացնում, մասնավորապես` վերահսկում է քննության օրինականությունը, հաստատում է առաջադրված մեղադրանքը և ինքն էլ այդ մեղադրանքը պաշտպանում է դատարանում:
Այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ դատախազները շահագրգռված չեն լինում կանխել խախտումները կամ բացառել օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցների ներկայացումը քննության ընթացքում և ընդունել, որ նրանց չի հաջողվել պատշաճ կերպով իրականացնել քննության օրինականության վերահսկողությունը, քանի որ դա կթուլացնի դատարանում գործը ներկայացնող մեղադրողի դիրքերը:
Խոշտանգումների վերաբերյալ գանգատների քննության անկախությունը կասկածի տեղիք է տալիս, քանի որ որոշ դեպքերում քննության պատասխանատվությունը դրված է հենց ոստիկանության վրա: Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ խոշտանգումների ենթարկվելու մասին ոչ բոլոր բողոքներն են հաղորդվում Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ), որը մասնագիտացված է պետական ծառայողների կողմից կատարվող չարաշահումների քննության հարցերում: Արդյունքում, խոշտանգումների վերաբերյալ հաղորդումները քննության են առնվում այն կառույցի կողմից, որի աշխատակիցները պատասխանատու են խոշտանգումների կիրառման համար:
A – 93.32. Ամրապնդել արդար դատավարության երաշխիքները, այդ թվում՝ դատարանի համար անընդունելի համարել խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի միջոցով ձեռք բերված ապացույցները (Չեխիայի Հանրապետություն):
Չնայած միջազգային իրավունքը հստակորեն պահանջում է, որպեսզի խոշտանգումների միջոցով ստացված ցուցմունքները երբևէ չօգտագործվեն դատական վարույթի ընթացքում որպես ապացույց, ՀՀ օրենսդրությունը չի պարունակում բավականին արդյունավետ երաշխիքներ՝ նման ապացույցների օգտագործումը բացառելու համար[4]:
ՀՀ քրեական դատավարարության օրենսգիրքը արգելում է խոշտանգման կիրառումը և այն ապացույցների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել նախնական քննության մասնակիցների նկատմամբ բռնության, սպառնալիքի և անօրինական այլ գործողությունների գործադրմամբ, ինչպես նաև՝ ստացվել են օրենքի էական խախտումով, սակայն ապացույցը անթույլատրելի ճանաչելու այս կանոնները հստակ չեն:
Պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի դատական վարույթի ընթացքում կիրառվող ապացույցների վերաբերյալ օրենսդրությունը համապատասխանեցվի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի 15-րդ հոդվածին, իսկ խոշտանգումների միջոցով կորզված ցուցմունքը վարույթի որևէ փուլում չընդունվի որպես ապացույց[5]:
Արդյունքում, գործնականում ՀՀ դատարանները ձեռնպահ են մնում բացառելու խոշտանգումների և վատ վերաբերմունքի միջոցով ձեռք բերված ապացույցները
2010թ. փետրվարի 6-ին Ստեփան Հովակիմյանը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին, ուր, իր խոսքերով, ենթարկվել էր խոշտանգումների և անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի՝ գողություն կատարելու մեջ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Չնայած, որ Ս.Հովակիմյանը դատարանում հայտարարել է, որ նրա խոստովանական ցուցմունքը կորզվել է խոշտանգումների միջոցով, այս ցուցմունքը Հովակիմյանի և իր ընկերոջ դեմ գործով մնաց որպես հիմնական ապացույց:
2010-2012 թվականներին տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում դատավորը այդպես էլ որոշում չկայացրեց այդ ապացույցի թույլատրելիության կապակցությամբ: Հովակիմյանին խոշտանգելու վերաբերյալ բողոք էր ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), սակայն՝ ապարդյուն: Հովակիմյանի բողոքների կապակցությամբ մինչ օրս համակողմանի քննություն չի իրականացվել:
Առաջարկություններ ՀՀ իշխանություններին
Խոշտանգումներ և վատ վերաբերմունք
ա. Համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը “Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ” ՄԱԿ-ի կոնվենցիային.
բ. Խոշտանգումների, վատ վերաբերմունքի և արգելանքի տակ գտնվելու ընթացքում տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացնել արագ, մանրակրկիտ, անկողմնակալ և անկախ քննություն և մեղավորներին կանգնեցնել արդարադատության առջև.
գ.Խոշտանգումներից տուժածները պետք է արդարացի փոխհատուցում ստանան.
դ. Կատարել օրենսդրական փոփոխություններ` բացառելու համար կասկածելի ապացույցների կիրառումն այն դեպքերում, երբ դատավորը հիմնավոր կասկածներ ունի այդ ապացույցները ձեռք բերելու ուղիների օրինականության վերաբերյալ:
Թարգմանության աղբյուրը` http://hra.am/i/up/UPR%202013%20final.pdf