Ի՞նչ անակնկալ կմատուցի Երեւանը. Ժամանակ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է հրաժարվել Վիեննայի պայմանավորվածություններից: Նալբանդյանն այդ հայտարարությունն արել է Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում:
Այն, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չէր պահելու, կասկածից վեր է: Պահել այդ պայմանավորվածությունները Բաքվի համար կնշանակի քաղաքական, դիվանագիտական կապիտուլյացիա: Բաքուն կզրկվի ռազմատենչության, ռազմական սադրանքների քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Իսկ Ադրբեջանը առայժմ գոնե շատ հստակ ցույց է տվել, որ տեսնում է իրադարձությունների զարգացման մի տարբերակ՝ պատերազմ: Եվ ուրեմն, Բաքուն խախտելու է որևէ պայմանավորվածություն առաջին իսկ հնարավորության դեպքում՝ լինի այդ խախտումը դիվանագիտական, թե ռազմական դրսևորումով:
Ողջ խնդիրը նման իրավիճակում այն է, թե ինչ կարող է անել հայկական դիվանագիտությունն այդ վիճակում, բացի, իհարկե, Բաքվի մերժողական կեցվածքին անընդհատ հղում անելով: Այսինքն՝ Հայաստանի դիվանագիտությունն ի զորո՞ւ է այդ մերժողական կեցվածքը Բաքվի համար վերածել հետևանքի: Ընդ որում՝ խոսքը դիվանագիտական հետևանքի մասին է, որովհետև կարող է լինել նաև ռազմական հետևանք: Եվ կասկած չկա, որ հայկական զինուժը Բաքվի համար լիովին ի զորու է ապահովել հրադադարի պայմանավորվածություններից խուսափելու, հրաժարվելու հետևանքը:
Խնդիրը, սակայն, դիվանագիտական հետևանք ապահովելն է, որ բանը չհասնի ռազմականին: Առավել ևս, որ պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ զինվորների կյանքը խնայելու համար է, ռիսկի չենթարկելու համար է, որ գնացել է կրակի դադարեցման, անգամ տարածքային որոշ կորստի պարագայում:
Դե ուրեմն, հայկական դիվանագիտությունը պետք է ինքն անի այն, ինչը ըստ էության թույլ չի տվել անել զինուժին: Քանի որ, թեև զինվորների կյանքերը ներկայումս համեմատաբար նվազ վտանգի տակ են, քանի որ լարվածությունն իջել է, այնուհանդերձ եթե Ադրբեջանը չի գալիս հստակ ֆիքսված պայմանավորվածությունների դաշտ, նրա դավադիր ագրեսիան սպասելի է ցանկացած պահի: Եվ ըստ այդմ՝ այդ պարագայում, եթե հանկարծ կրկնվի այդպիսի բան, պատասխանատուն արդեն լինելու է ոչ միայն հետախուզությունը, այլ նաև հայկական դիվանագիտությունը:
Թեև, իհարկե, ապրիլի 2-ին տեղի ունեցածի համար էլ պատասխանատուն դիվանագիտությունն էր, սակայն այժմ արդեն այդ պատասխանատվությունը կլինի կրկնակի, ասել կուզի՝ ինչպես երկրորդ դեղին քարտը, որին պետք է հետևի կարմիրն ու հեռացումը այդ դիվանագիտության պատասխանատուների, եթե հանկարծ հերթական անգամ հայկական զինուժը ստիպված լինի կյանքի գնով սրբագրել այդ դիվանագիտության կոպիտ սխալները և բացթողումները:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: