Ինչո՞ւ հայը չդարձավ Հռոմի պապ. Հայոց աշխարհ
Հռոմի պապի ընտրությունը, որպես կանոն, լայնորեն լուսաբանվում է ողջ աշխարհում։ Բացառություն չէր նաեւ օրերս Ֆրանցիսկոս պապի ընտրությունը։
Բայց քչերն են տեղյակ, որ 1958 եւ 1963 թվականներին կաթոլիկ եկեղեցու գահին քիչ մնաց նստեր հայ կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը։ Դրան խոչընդոտեց միայն վատիկանյան պահպանողականների եւ իտալական հատուկ ծառայությունների դավադրությունը։
Աղաջանյանը հայ կաթոլիկ էր։ Նա ծնվել է 1895 թվականին Ախալցխայում, քահանա ձեռնադրվել 1917-ին, փախել բոլշեւիկներից, ապրել Սուրբ Ղազար կղզում, տեղափոխվել Հռոմ, որտեղ էլ բարձրացել էր կարիերայի աստիճաններով։ 1937 թվականին հայ-կաթոլիկ Սինոդում ընտրվեց Կիլիկիո պատրիարք։ Ընդունեց Գրիգոր-Պետրոս XV անունը, իսկ 1946-ի փետրվարի 18-ին Պիոս XII պապը կարդինալ ձեռնադրեց նրան։
Վատիկանում Աղաջանյանը, լինելով բազմաթիվ լեզուների գիտակ եւ ոչ քրիստոնեական կրոնների հետազոտող, Պիոս XII-ի կողմից նշանակվեց de Propaganda Fide (“հավատքի տարածման”) միսիոներական կոնգրեգացիայի պրեֆեկտ։
1958 թվականի հոկտեմբերին Պիոս XII-ի մահից հետո տեղի ունեցած կոնկլավում կարդինալ Աղաջանյանը առավել հավանական պապաբիլներից էր (պապ ընտրվելու թեկնածու)։ Դա հաստատեց ինքը՝ Հռոմի պապ ընտրված Հովհաննես XXIII-ը։ Հռոմում Հայկական կոլեգիա այցելության ժամանակ Ռոնկալլի պապը հայտարարեց, դիմելով ճեմարանի ուսանողներին.
“Գիտե՞ք, որ ձեր կարդինալն ու ես կարծես թե հավասար էինք հոկտեմբերյան կոնկլավում”։ Եվ ավելացրեց. “Երկուսիս անունները շարժվում էին մերթ դեպի վեր, մերթ դեպի վար, ինչպես սիսեռահատիկները եռացող ջրում”։
Մամուլում անմիջապես տպագրված այս խոսքերը սենսացիա առաջացրին։ Բայց, ավա՜ղ, դրանք սառը պատերազմի ժամանակներն էին, եւ համապատասխան մարմինները Հռոմում զգոն էին։ Ինչպե՞ս թե։ Սուրբ Պետրոսի գահին կարող էր նստել “ռո՞ւսը”։ Չէ՞ որ այն ժամանակ սովետական տարածքում ծնված բոլոր մարդկանց հավաքականորեն “ռուս” էին անվանում։
Եվ էլի մեկ անգամ, արդեն 1963 թվականին Ռոնկալլի պապի մահից հետո, Աղաջանյանի թեկնածությունը հայտնվեց պապաբիլների ցուցակում, որ կազմում էին թերթերն ու եկեղեցու գործերով փորձագետները։
Այս անգամ Աղաջանյանը հավանական թեկնածուների խմբում հայտնվեց հենց “ռուսական” ծագման շնորհիվ։ Այն ժամանակ Վատիկանի եւ Կրեմլի հարաբերություններում որոշակի շարժ եղավ։ Եկավ լարվածության թոթափման ժամանակաշրջանը։ Դա բարձրակետին հասավ 1963-ին՝ Խրուշչովի դուստր Ռադայի եւ նրա ամուսին Ալեքսեյ Աջուբեյի Վատիկան կատարած այցելության ժամանակ։ Մահից ոչ շատ առաջ նրանց ընդունեց ինքը՝ Հովհաննես XXIII-ը։
Սակայն եկեղեցական եւ քաղաքական որոշ շրջաններ վախենում էին Վատիկանի վրա խորհրդային հնարավոր ազդեցությունից։ Ակտիվացան իտալական հատուկ ծառայությունները, որոնք այն ժամանակ կոչվում էին ՍԻՖԱՌ։ Նրանք կազմակերպեցին “Կոնկլավ” գործողությունը, որի նպատակն էր կանխել Սուրբ Պետրոսի գահին 70-ամյա Աղաջանյանի ընտրվելը։ ՍԻՖԱՌ-ը գործի դրեց աշխարհի բոլոր հատուկ ծառայությունների սիրելի համակարգը, որոնք ձգտում են ինչ-որ մեկին վարկաբեկել. կոմպրոմատի կազմումն ու տարածումը։
Բայց կարդինալ Աղաջանյանին վարկաբեկող ճշմարտանման նյութ գտնելը դյուրին չէր։ Այդժամ գաղտնի ծառայությունները որոշեցին կասկածի ստվեր գցել նրա ազգականների վրա։ Հայ կարդինալին ժամանակ առ ժամանակ այցելում էր 71-ամյա քույրը՝ Երեւանում ապրող Ելիզավետան։ Նա Պապիկով ազգանունով մարդու այրին էր։ Եվ ահա արդեն կասկածի երկու պատճառ. 71-ամյա կնոջ պարբերական ուղեւորությունները դեպի Արեւմուտք եւ տարօրինակ ազգանունով հանգուցյալ ամուսինը։ ԽՍՀՄ գործակալ չէ՞ արդյոք Աղաջանյանի քույրը։
Ելիզավետա Պապիկովան Հռոմում այցելեց եղբորը նաեւ 1963 թվականին, երբ պիտի տեղի ունենար կոնկլավը։ Ինչպես միշտ, նա իջեւանեց Սան Նիկոլա դա Տոլենտինո փողոցում գտնվող Հայկական կոլեգիայի հանրակացարանում։ ՍԻՖԱՌ-ի աշխատակիցները, իհարկե, սկսեցին զօրուգիշեր հետեւել նրան, բայց ապարդյուն։
Սակայն կոնկլավից մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ իրադարձություն, որն անչափ ուրախացրեց իտալական հատուկ ծառայություններին։ Ելիզավետա Պապիկովային այցելեց խորհրդային դեսպանության առաջին քարտուղարը՝ Գեւորգյան ազգանունով։ Դա պարզապես դիվանագետի քաղաքավարի այց էր, ըստ որում՝ ազգությամբ հայի։ Բայց այդքանը բավական էր։ Հատուկ ծառայություններին հաջողվեց ուռճացնել չնչին իրադարձությունը եւ կասկածներ առաջացնել կարդինալների միջավայրում։
Այդպես էլ 1963 թվականին Աղաջանյանը չդարձավ կաթոլիկ եկեղեցու ղեկավար։ Նա վախճանվեց Հռոմում՝ 1971 թվականի մայիսի 16-ին։